BlogNews.am-ը շարունակում է հետաքրքիր մոնոլոգների շարքը հայ հայտնիների հետ: Կյանքի, սեփական մտքերի ու մտահոգությունների  և նախասիրությունների շուրջ այսօր մենախոսում է «Բացարձակ արժեք» հաղորդման հաղորդավար Արման Խարազյանը.    

Կյանքը հեշտանում է, երբ նրան նայում ես որպես իրավիճակի և հասկանում, որ անհրաժեշտության դեպքում պետք է փոխես վերաբերմունքդ նրա հանդեպ: Դժվար է ամբողջ կյանքի համար մտածել կամ ընտրել այն հեշտացնելու որևէ բանաձև, քանի որ ապրածդ յուրաքանչյուր շրջանը թելադրում է իր կանոնները, դրսևորումներն ու մոտեցումները, կյանքին պարզապես պետք է նայես ժամանակի մեջ ու փորձես լինել նրան համընթաց:

Պատվի մարդ ասելով՝ առաջին հերթին հասկանում եմ մարդ, ում խոսքն ու գործն իրարից չեն տարբերվում: Կարծում եմ՝ մարդը պետք է գնա իր ասած խոսքի հետևից: Մեր կյանքում շատ խնդիրների պատճառը սկսվում է հենց այս կետից:

Տանել չեմ կարողանում, երբ մարդիկ փորձում են իրենց իբր անչափ խելացի էությամբ պարծենալ փուչ ու դատարկ բաներով, երբ ամեն ինչ մի տեսակ կեղծ է, երբ փորձում են երևակայել կամ այլ տպավորություն ստեղծել: Բայց ժամանակը ճիշտ հակառակն է ապացուցում, երբ քննադատելով, վերլուծելով կամ «հեղինակավոր» կարծիք հայտնելով՝ մեկ ուրիշի կյանքի կամ նրա կատարած քայլերի վերաբերյալ փորձում են արհեստականորեն վերաիմաստավորել իրենց ընկալմամբ այս կամ այն «բացարձակ» արժեքը: Երբեմն այս երևույթն այնքան է խորանում, որ շատերը նույնիսկ մոռանում են, որ տվյալ մարդու կյանքը իրենցը չէ ու իրենց հետ առհասարակ կապ էլ չունի, և այն վերլուծելու, համացանցում մեկնաբանություններում հայհոյանքներ թողնելու, մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն լավ կլինի ապրեն սեփական կյանքը, որը շատ դեպքերում, մեղմ ասած, նախանձելի չի լինում: 

Սիրում եմ, երբ առավոտյան արթնանում եմ բարձր տրամադրությամբ, երբ չեն խանգարում հեռախոսիդ անդադար զանգերը, բակի աղմուկը, երբ առանց շտապելու վայելում եմ մեկ գավաթ սուրճս ու շնչում առավոտյան ամբողջ օրվա ընթացքում պակասող մաքուր օդը: Սիրում եմ...

Սիրում եմ... Այո, սիրում եմ…

Հաճախ եմ մտածում՝  ինչ կլիներ, եթե մարդիկ դադարեին սուտ խոսել…

Ֆիլմը, որը մի քանի անգամ նայել եմ ու դեռ էլի կնայեմ, ամերիկացի գրող Մարիո Պյուզոյի վեպի հիման վրա նկարահանված համաշխարհային ճանաչում ձեռք բերած բեսթսելերներից «Կնքահայրը»: Այս ֆիլմն ամեն անգամ նայելիս ինձ համար ինչ-որ նոր բան եմ բացահայտում, մտածելու տեղիք են տալիս ֆիլմում տեղ գտած իմաստուն մտքերը, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը:

Իմ ամենամեծ ուսուցիչը եղել է կանքը, իսկ կյանքի դասերն՝ ամենաարժեքավորը: Տեսական ամեն ինչ չէ, որ կարող ես կիրառել գործնականում հենց այդպես, ինչպես քեզ փորձում են սովորեցնել ուսման ընթացքում. կյանքում շատ բաներ այլ են… Մեր աշխատանքում, որքան էլ որ սովորես, պետք է ապրես համապատասխան ժամանակահատված, անցնես որոշակի փորձությունների միջով, ուսումնասիրես մարդկանց հոգեբանությունը, նրանց հետ շփան հնարավոր եզրերն ու մշտապես կատարելագործվես, որպեսզի ինչ-որ բանի հասնես: 

Օր, որը երբեք չեմ մոռանա, դա... Նման օրերը շատ են, որոնք իմն են, և չէի ցանկանա դրանց մասին հիմա խոսել:

Եթե հնարավոր լիներ վերադառնալ անցյալ, ապա... Համաձայն Ալբերտ Էյնշտեյնի տեսության՝ անցյալ վերադառնալու համար պետք է գերազանցել լույսի արագությունը: Իսկ եթե ավելի լուրջ, սիրում եմ ներկայով ապրել ու գնալ դեպի ապագա: Ինձ համար անցյալն արդեն իսկ անցյալում է և այնտեղ վերադառնալու անհրաժեշտություն չեմ զգում:

Ուտելիքը, որից երբեք չեմ հրաժարվում. երբեք չեմ հրաժարվում ուտելիքից, եթե քաղցած եմ։ Սովորաբար ուտելիքի հարցում քմահաճ չեմ, բայց, այնուամենայնիվ, միս սիրում եմ:

Գիրք, որը կարդալուց հետո երկար ժամանակ խորհում էի. վատ է, բայց գեղարվեստական գրքեր կարդալու ժամանակ, ցավոք, այսօր չեմ ունենում, հիմա առավել հաճախ կարդում եմ մասնագիտական գրականություն, որը ոչ թե խորհելու, այլ տվյալ պահի համար վերլուծություն է պահանջում:

Երբեք չեմ փորձել իրական կյանքում նմանվել կամ կրկնօրինակել որևէ մեկին թե՛ իմ աշխատանքով, թե՛ ապրած կյանքով, որքան էլ հիացած կամ ոգեշնչված լինեմ…

Ինձ համար անհասկանալի է, երբ չեն կամենում դիմացինին, ինչպես Համո Սահյանն է ասել՝ «Ինչու են մարդիկ աշխարհը խառնում, և ինչ է ուզում մեկը մյուսից, երբ իրար մաղթած մի բարի լույսից աշխարհն ավելի բարի է դառնում…»

Չեմ ընդունում, երբ նայելով աչքերիդ մեջ՝ ստում են այն համոզվածությամբ, որ դու անպայման պետք է հավատաս: Էլ չասեմ երդվելու մասին…

Ինձ համար բացարձակ արժեք է  ընտանիքը, որից և ծնվում են մյուս արժեքները:

Երազում եմ, որ  մի օր լինի այն, ինչի մասին երազում եմ: Երազում եմ, որ հետո այդ կատարվածի համար չզղջամ:

 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Արման Խարազյանի անձնական արխիվից

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել