Armenpress-ը գրում է.
 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին արձակուրդ է տրամադրվել: «Արմենպրես»­ի հաղորդմամբ, որոշումը տեղադրված է կառավարության e­gov.am կայքում:
 Վերջերս լրագրողների հետ զրույցում Սահակյանը չէր բացառել խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը և նշել էր. «Եթե լինի քաղաքական որոշում, ապա ես պատրաստ եմ ռեյթինգային ընտրակարգով մասնակցել ընտրություններին»: Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին տրամադրել 2016-­2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2017 թվականի փետրվարի 1­ից մինչև մարտի 6­ը ներառյալ և չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 7­ից մինչև ապրիլի 3­ը ներառյալ:
 2. Արման Սահակյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վրա»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել