Այս օրերին հայկական մեդիա դաշտում ակտիվ քննարկվում է Վրաստանին ու Ռուսաստանին կապող ներկայում ցամաքային միակ՝ Դարիալով անցնող ուղին, որը Լարսի անցակետով ապահովում է մուտքը դեպի հյուսիս, մեկ այլ ճանապարհի հաշվին բեռնաթափելու մասին: Լարսն, անշուշտ, առևտրատնտեսական, ապրանքաշրջանառության գործընթացի ապահովման տեսանկյունից շատ կարևոր մի ճանապարհ է, որը գրեթե մշտապես ծանրաբեռնված է, իսկ երբեմն առհասարակ չի գործում «շնորհիվ» բնական աղետների:

Մյուս ճանապարհները, որոնք նախկինում գործել են և վերագործարկվելու դեպքում նոր շունչ կհաղորդեն հյուսիս-հարավ ուղղությամբ ելումուտը դյուրացնելու համար, փակ են ռուսական և վրացական կողմերի կամայականության պատճառով, թեև պայմանավորված նրանց միջև առկա կոնֆլիկտով: Իհարկե, Փոթիի նավահանգիստը ևս որոշ չափով լրացնում է Լարսի «պատճառած» անհարմարությունները, սակայն այն ավելի թանկ և ժամանակատար տարբերակ է: Եթե հայկական կողմը ցանկանում է բանակցություններ ծավալել վրացական կողմի հետ Լարսին «փոխարինող ուղի» գտնելու հարցով, ապա առաջին հերթին պետք է հաշվի առնենք, որ նույնիսկ հաջող բանակցությունների դեպքում, այդ այլընտրանքը գործի գցելը այնքան էլ հեշտ ու արագ ստացվող գործ չէ:

Նախ՝ Վրաստանի ներքաղաքական խնդիրներով պայմանավորված՝ նման բանակցությունները բաց իրականացնելու համար Վրաստանի իշխանություններին մեծ համարձակություն է անհրաժեշտ, իսկ վրաց հասարակությունը դեռևս հակառուսական տրամադրությունների ազդեցության տակ է, և համոզել, որ ներկա լարված հարաբերությունների պայմաններում շահեկան է Ռուսաստանին կապող այլ ցամաքային ճանապարհների բացումը, խրթին հարց է: Նշվածի համար կպահանջվի բավականին երկար ժամանակ: Սակայն խնդրի լուծումը անիրական չէ, և ճիշտ և համաչափ քայլեր իրականացնելու միջոցով կարելի է հասնել հաջողության և «Լարսին» ավելի ուշ-ուշ հիշել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել