Картинки по запросу ՈւկրաինաՄի քանի օր առաջ ԵԽԽՎ-ում ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցը, որում կար հակահայկական մի կետ, ձայների մեծամասնությամբ ընդունվեց։ Հայկական պատվիրակության պահանջը՝ հանել այդ կետը, մերժվեց։ Ժամանակին Ադրբեջանին խիստ քննադատող այս ուկրաինացի երեսփոխանը հիմա վերածվել է Ալիևի երկրպագուի։ Իր գործն է արել նավթախավիարային դիվանագիտությունը։ Այն, ինչ չի կարելի գնել գումարով, կարելի է գնել շատ գումարով։ Հենց այս կարգախոսով առաջնորդվող Բաքուն իրենով է անում ժամանակին հակաադրբեջանական ելույթներով հանդես եկողներին։ Օրինակ՝ Վ.Ժիրինովսկուն, նույն ուկրաինացի պատգամավոր Ալիևին և այլն։
Այսօր էլ ազերիական կայքերից մեկը տեղեկություններ է տարածել, որ Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն Ահմեդ Շահիդովը Կիևում հանդիպել է Ուկրաինայի ազգային հերոս, Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին և տեղեկացրել նրան հայկական «գերեվարության» մեջ գտնվող ազերիներ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի մասին։ Շահիդովն ասել է, որ Սավչենկոյին շատ հետաքրքրել է դրանց մասին պատմությունը, և վերջինս խոստացել է տեղեկացնել ուկրաինացիներին դրանց մասին սոցցանցերի միջոցով ու Գերագույն Ռադայում և ամեն ինչ անել, որ վերջիններս ազատվեն հայկական գերությունից։ Շահիդովը նաև տեղեկացրել է, որ Գուլիևին և Ասկերովին նվիրված վավերագրական ֆիլմ է նկարահանվել՝  Թո՛ղ աշխարհը չլռի» վերնագրով, որի շնորհանդեսը տեղի է ունենալու ԱՊՐԻԼԻՆ Ուկրաինայում։
Որքան կարելի է կռահել, Ուկրաինան դառնում է հակահայկականության որջ։ Վիրավորված լինելով ՀՀ-ից այն բանի համար, որ Հայաստանը ՄԱԿ-ում ԴԵՄ էր քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթին և Ղրիմը ճանաչել էր ՌԴ-ի մաս, հիմա Կիևն ամեն ինչ անում է ՀՀ-ին վնասելու համար։Դրանից էլ օգտվում են ադրբեջանցիները և թուրքերը, որոնց Կիևում աջակցում են ոչ միայն Ուկրաինայի իշխանությունները և ազգայնական ուկրինական շարժումներն, այլև Ղրիմի թաթարների առաջնորդները, որոնք սերտ կապեր ունեն Անկարայի և Բաքվի հետ։
Բաքում Կիևը դարձրել է հակահայկական ձեռնարկների կենտրոնատեղի, և պատահական չէ, որ «Ասկերով-Գուլիև» ֆիլմ-շոուի մեկնարկը հենց Ուկրաինայի մայրաքաղաքում է տեղի ունենալու։
Հիշեցնեմ, որ ազերիները մարդասպաններ Գուլիևին, Ասկերովին և ոչնչացված Հասանովին ներկայացնում են որպես հասարակ գյուղացիներ, որոնք 2014 թ-ի հուլիսին «մեկնել» էին Քարվաճառ՝ ծնողների գերեզմաններին այցելության։ Սակայն նույն ազերիները չեն նշում, որ այդ «այցելության» ժամանակ սույն «հասարակ գյուղացիները» սպանել էին երկու մարդու։ Ձերբակալված ազերի մարդասպանները դատապարտվեցին ազատազրկման, որից հետո Իլհամ Ալիևի վարչակարգն ամեն ինչ անում է այդ երկու ճիվաղներին ազատելու համար։ Համոզված եմ, որ սույն տականքները Բաքվում ոչ պակաս կհերոսացվեն, քան «բուդապեշտյան ստահակ» Ռամիլ Սաֆարովը։
Իսկ ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն, Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը և Ուկրաինայում հայկական համայնքի ղեկավարությունը այս «վտանգը» չեզոքացնելու համար։ Համոզված եմ՝ ՈՉԻՆՉ։ ՀՀ ԱԳՆ-ին և Կիևում մեր դեսպանին բացարձակ չեն հետաքրքրում այսպիսի մանր-մունր հարցերը։ Նրանք ավելի գլոբալ խնդիրներ են լուծում, որոնց մասին գիտեն ընտրյալները։ Սովորական մահկանացուներս չենք տեսնում Էդուարդ Նալբանդյանի ղեկավարած գերատեսչության հաջողությունները։ Երևի չկան, որ չենք տեսնում։ Սակայն ձախողումները՝ որքան ուզեք։ Ինչ վերաբերում է մեր համայնքի ղեկավարին, ապա եթե Ավանեսյանն ամոթ ունենար, ապա ադրբեջանական APA գործակալությանը տված խայտառակ և «նոստալգիկ» հարցազրույցից հետո հրաժարական կտար։
Հ.Գ. Զավեշտն այն է, որ Ուկրաինային մեզ դեմ տրամադրելով՝ ՀՀ-ն և Արցախը ոչինչ չստացան ՌԴ-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել