Image result for встреча в астане по сирийскому вопросуՀունվարի 23-24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի ուղղակի մասնակցությամբ նախաձեռնված հանդիպումը սիրիական կառավարության և ներսիրիական զինված ընդդիմության 14 խմբավորների ներկայացուցիչների միջև. ինչպես և սպասվում էր, ձևաչափն արձանագրեց ոչ այնքան շոշափելի արդյունավետություն՝ սիրիական հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացի վրա ներազդելու տեսանկյունից:

Իսկ ո՞րն էր Աստանայի ձևաչափի նպատակը, և ի՞նչ առավելագույն արդյունավետություն կարող էր այն ունենալ սիրիական թնջուկի հանգուցալուծման գործընթացում:
1. Աստանայի հանդիպման հիմնական նախաձեռնողը Մոսկվան և Անկարան էին: Ձևաչափի հիմնական նպատակը 2016թ. դեկտեմբերի վերջին հիմնականում վերոնշյալ արտաքին դերակատարների միջնորդությամբ Սիրիայի տարածքում հաստատված հարաբերական հրադադարի ռեժիմից հետո քաղաքական որոշակի հարթակի ձևավորումն էր, ինչը կարող էր նպաստել առնվազն գործընթացի՝ քաղաքական հարթություն տեղափոխման, առավելագույնը՝ հակամարտ ներսիրիական դերակատարների միջև կայուն և անմիջական բանակցային գործընթացի մեկնարկին:

2. Ակնհայտ էր, որ Աստանայի հանդիպումը չէր կարող լուրջ տեղաշարժ ապահովել սիրիական թնջուկի հանգուցալուծման տեսանկյունից մի քանի պատճառով՝
ա) Նախ՝ անհրաժեշտ է ընդգծել ձևաչափին սիրիական հակամարտության մասնակիցների սահմանափակ ներկայացվածության իրողությունը. Աստանայի հանդիպմանը մասնակցում էին բացառապես ներսիրիական ռազմական գործընթացների մասնակից և հրադադարի ռեժիմին համաձայնություն տված ոչ բոլոր առանցքային խմբավորումների ներկայացուցիչներ (ընդդիմության քաղաքական հատվածի որևէ ներկայացուցիչ հրավիրված չէր), սիրիական կառավարութան պատվիրակությունը, իսկ արտասիրիական դերակատարներից ուղղակի մասնակցություն ունեին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, նաև ՄԱԿ-ը՝ որպես հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական միջազգային կառույց, Ղազախստանը՝ որպես գործընթացն ընդունող կողմ:
բ) Վերոնշյալի տեսանկյունից, բնականաբար, անհրաժեշտ է ընդգծել, որ սիրիական հակամարտության և՛ ներքին, և՛ արտաքին մասնակիցների ցանկը խիստ խայտաբղետ է, և հակամարտության համընդհանուր կարգավորման տեսանկյունից առարկայական նշանակություն կարող է ունենալ ինչպես բոլոր արտասիրիական դերակատարների (ԱՄՆ, ԵՄ, Չինաստան, Սաուդյան Արաբիա, Կատար, Եգիպտոս, Հորդանան, Լիբանան և այլն), այնպես էլ դրանցից մի քանիսի անմիջական հովանավորության ներքո գործող հակակառավարական ամենաազդեցիկ խմբավորումների, ինչպես նաև այլ կարևոր դերակատարների (քրդական կառույցներ) մասնակցությունը:
գ) Աստանայի հանդիպմանը չէին մասնակցում անգամ Սիրիայում հրադադարի ռեժիմին մասնակից ամենաառանցքային կառույցները՝«Ահրար ալ-Շամ» և «Նուր ալ-Դին ալ-Զինքի» խմբավորումները: Զինված ընդդիմության պատվիրակությունը չուներ անգամ համընդհանուր համաձայնեցված առաջնորդ, չնայած որ պատվիրակության ոչ ֆորմալ ղեկավար էր հանդիսանում ձևաչափին մասնակից հակակառավարական ամենամեծ խմբավորման՝ «Ջայշ ալ-Իսլամի» ներկայացուցիչ Մուհամմադ Ալլուշը: Իսկ առհասարակ, ձևաչափին մասնակից և՛ արտասիրիական, և՛ ներսիրիական դերակատարների մասնակցությունը աչքի չէր ընկնում ներկայացվածության բարձր մակարդակով (արտաքին դերակատարների պարագայում ամենաբարձր աստիճանը ԱԳ փոխնախարար, սիրիական պատվիրակությունների դեպքում՝ ՄԱԿ-ում ՍԱՀ պաշտոնական ներկայացուցիչ, ընդդիմադիր խմբավորումների ոչ ընդգծված առաջնորդներ), ինչը հավելյալ փաստարկ է այն տեսանկյունից, որ անգամ հանդիպման անմիջական մասնակիցները լուրջ ակնկալիքներ չունեին այդ գործընթացից:

3. Ըստ էության՝ Աստանայի հանդիպումն արձանագրեց դրանից ակնկալվող նավազագույն արդյունքը՝ հանդիպման հիմնական կազմակերպիչներ Մոսկվան, Թեհրանը, Անկարան վերահաստատեցին իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը և պատրաստակամություն հայտնեցին՝ Սիրիայում հրադադարի խախտումների մշտադիտարկման մեխանիզմներ ստեղծելու: Քաղաքական տեսանկյունից հայտարարվել է աջակցություն առայժմ փետրվարի 8-ին նախանշված արդեն ՄԱԿ-ի հովանու ներքո ակնկալվող, սիրիական հակամարտության բոլոր հնարավոր մասնակիցների ներգրավմամբ ժնևյան հերթական բանակցային ձևաչափի կազմակերպմանը:

4. Հանդիպման ընթացքում ոչ միայն չկայացավ համաձայնություն միջազգային հանրության կողմից ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» խմբավորումների դեմ կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների համատեղ պայքարի հարցում, տեղի չունեցան սիրիական հակառակորդ պատվիրակությունների անմիջական բանակցություններ, անգամ հակառակը՝ Աստանայի ձևաչափը կարող է հանգեցնել դրան մասնակից և ոչ մասնակից հակակառավարական խմբավորումների միջև հարաբերությունների վատթարացման, անգամ զինված բախումների:

Այսպիսով, ընդհանուր առմամբ՝ Աստանայի հանդիպումը կարելի է գնահատել առավելապես ձևական նշանակությամբ, առանց որևէ լուրջ արդյունքների ձևաչափ, որը հավաստեց նաև այն իրողությունը, որ բուն Սիրիայի ներսում հաստատված հրադադարի ռեժիմն ամբողջական չէ, իսկ դրա հիմնական միջնորդներն ի զորու չեն նշված եռակողմ նեղ ձևաչափով ապահովելու սիրիական հիմնախնդրի համընդհանուր կարգավորումը: Հերթական անգամ ապացուցվեց այն իրողությունը, որ արդի աշխարհի ամենաարյունալի հակամարտության ամբողջական կարգավորումը հնարավոր է բացառապես դրա բոլոր մասնակից՝ հատկապես արտաքին դերակատարների շահերի փոխադարձ ճանաչման դեպքում: Աստանայի ձևաչափը չհանդիսացավ անգամ լիարժեք անցումային հարթակ՝ առավել համընդգրկուն ժնևյան գործընթացի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել