Մի քիչ երկար է, սակայն ովքեր չեն իմանում, թե ով է եղել Դուշման Վարդանը թող կարդան, ամբողջը նրա կենսագրությունն էր: Թե ինչպես Վարդանը կիսատ թողեց Իրավաբանականի դասերն ու գնաց կռիվ: Իսկ հիմա հայրենասիրություն քարոզող տուզիկների մեծ մասը բանակում չի ծառայել, բայց ունի մեդալներ ու կոչումներ, իսկ նրանք ասում են, որ գիտնական են: Իմ համար գիտնականն ու հայրենասերը Դուշման Վարդանն է, իսկ մյուսները տուզիկներ են, որոնք ոչ թե հայրենասերներ են, այլ հակահայեր են: Կապ չունի տուզիկի զբաղեցրած դիրքը, կուսակցական պատականելությունն ու մնացած հարցերը: Շնորհավոր ծնունդդ, Դուշման, ես հպարտ եմ, որ դու եղել ես մեր երկրի կայացման ակունքներում կանգնած: 

Կարդալ....
Արցախյան պատերազմի հերոս Վարդան Դուշման Ստեփանյանը ծնվել է 1966 թ. մարտի 9-ին Երևանում: Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում: Աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ: Մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը: Ընթերցել է Չարենց, Թումանյան, Շիրազ: 1983թ. ավարտելով դպրոցը աշխատանքի է անցել բրդե գործվածքների գործարանում: 1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում: Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին: Նա կարծես կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասվում էր իր պատերազմը, որ լինելու էր նույնքան դաժան ու արյունալի: «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի: Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»: Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետ:

1988 թ.-ից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ:
«Ամոթ է այն երիտասարդների համար, ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ: Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»:

Ժողովրդական հավաք ի պաշտպանություն Արցախյան շարժման

Վարդանը միշտ առանձնացել է իր հայրենասիրությամբ, իր բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ: «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի»,-հետո ավելացրել, որ կոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին:

Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ Դատի ռազմական թևի հետ: Արցախում զենքի պակաս կար և 1989թ. Վարդանը հատուկ առաջադրանքով մեկնում է Մոսկվա, որտեղից աներևակայելի ճանապարհով, ազատվելով դեռևս գոյություն ունեցող Սովետական միության ստուգումներից, կարողանում է Հայաստան հասցնել զենք ու զինամթերք, որն հետո ուղարկվում է Շուշիի Բերդաձոր գյուղ: Այնուհետև ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ ստեղծում է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայիները:
«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը`լավ թե վատ, կախված է հրամանատարից»: Հետագայում Վարդանը ստեղծում է նույնպիսի դպրոց նաև Արցախում: Շատ բարդ էր Արցախ մեկնող նորակոչիկների գործը: Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին: Հետո ձեռքն էր վերցնում մի բուռ հող ու ուտում և պահանջում, որ այդպես անեն նաև տղաները: Հետո սկսում էր խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա: «Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»: Իսկ պատերազմը գնալով ուժգնանում էր: Կատաղի մարտեր էին տեղի ունենում Երասխավանի, Ասկերանի, Շահումյանի շրջաններում: Վարդանը անցնում է Կոռնիձոր (Корнидзор): Ընկերները նրան կոչում են «Դուշման»: Այս մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում: Այնուհետև Դուշմանը մասնակցում է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում տեղի ունեցող մարտերին: Այնուհետև, մշակույթի աշխատողի փաստաթղթերով անցնում է Արցախ, որտեղ մասնակցում է Բադարա և Ասկերանի շրջանի Դագրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1991 թ. հոկտեմբերի 30-ին «Դաշնակցություն» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր), մասնակցում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին: Այնուհետև Վարդանի ջոկատը մտնում է Քարագլուխ գյուղ, որը ադրբեջանցիների կողմից իրականացված «Օղակ» օպերացիայի արդյունքում ավերակ էր դարձել: Վարդանի տղերքի հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր` 1992 թվականի հունվարի 22-ին: Կրկժանն ուղիղ կապ ուներ Շուշիի հետ, որտեղից թուրքերն անընդհատ մարդկային ու ռազմական համալրում էին ստանում: Կրկժանի համար մղվող դիրքային մարտերը տևեցին ավելի քան մեկ ամիս և ահա եկել էր վճռական հարձակման անցնելու պահը: Հայկական գրոհը սկսվեց գիշերը` երկու ուղղությամբ: Իրականացված գործողության մեջ իրենց մեծ դերն ունեցան Դուշմանի տղերքը` շուրջ 40 կռվողներ: Նրա խումբը հարձակվելով թիկունքից` անակնկալի բերեց ազերիներին: Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում: Սա դրեց հայերի իրար հաջորդող հաղթանակների սկիզբը`1992 թվականի փետրվարի 10-ից սկսած հայկական ուժերը իրար ետևից ոչնչացրեցին Մալիբեյլ, Գուշչուլար և Լեսնո(Մեշալու) գյուղերի ադրբեջանական կրակակետերը: Այդ հաղթանակների ողջ քաղցրությունն ու դառնոթյունը զգաց և ինքը` Դուշմանը, որը մարտերի անմիջական մասնակիցն էր: Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումն էր փետրվարի 25-26-ի գիշերը և Ստեփանակերտ-ի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումն էր` ազատումը ազեևրիներից: Գործողությունն իրականացվեց փայլուն կերպով և դարձավ անգնահատելի հաղթանակ ԼՂՀ-ի մայրաքաղաքի ու շրջափակման մեջ գտնվող գբնակավայրերի անվտանգության ապահովման համար: Այս հաղթանակները կարևոր նշանակություն ունեցան նաև Շուշիի ազատագրման համար: Խոջալուի գրավման ժամանակ Աշոտ Բեկորի ուժերը հարձակման են անցել Ասկերանի շրջանի Քյարտուկ (Кяртук) գյուղից:

Դուշմանը վստահություն էր ներշնչում տղաներին: Նրա համոզվածությունը, որ հայերը անպայման կազատագրեն Արցախ աշխարհի պատմական Շուշի մայրաքաղաքը, ոգեպնդում էր տղերքին:

«Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավաթալ հաղթանակին-ահա սա է մեր ուժի աղբյուրը»: Եվ հայ զենքի, հայ զինվորի իսկական սխրանքը դարձավ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72-ամյա օկուպացիայից:
Անառիկ բերդ հիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Աշոտ Բեկորի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը: Մայիսի 7-8-ի գիշերը Շուշիի ուղղությամբ իրականացվեց հրետանային հուժկու հարված, որից հետո սկսվեց գրոհը:Դուշմանի կռվողներն հարձակումն սկսեցին քաղաքի արևելյան կողմից և արդեն առավոտյան գրավել էին Շուշիին հարակից թաղամասերը: Շոշ գյուղի կողմից սկսվեց գնդապետ(այժմ` գեներալ-մայոր) Արկադի Կարապետյանի գլխավորած գումարտակի գրոհը: Հյուսիս-արևմուտքից գրոհին միացան նաև Աշոտ Բեկորի գլխավորած ուժերի մնացած մասը: Հարավից հարձակում գործեցին Նվեր Չախոյանի, այսպես կոչված «աֆղանների» վաշտը, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանի և Աշոտ Խաչատրյանի գլխավորած գումարտակները: Նույն ժամանակ գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորած ուժերը շրջանցեցին քաղաքը հարավ արևմուտքից` ազատագրելով Քեսալար(Кесалар), Բաշքենդ(Башкенд), Ջավադլար և ուրիշ բնակավայրեր` ընդհանուր առմամբ 17: Շուտով հարձակմանը միացավ նաև Վալերի Չիտչյանի գումարտակը: Սամվել Բաբայանի գլխավորած ջոկատը Բերձորի կողմից փակեց ադրբեջանցիների հնարավոր օգնության ճանապարհը:

Առավոտյան դեմ հայկական ուժերն իրականացրեցին միասնական գրոհ: Շուշիում թողնվել էր մարդասիրական միջանցք` թշնամու հեռանալու համար (Բերձորի (այն ժամանակ` Լաչին) կողմից): Մայիսի 9-ին կեսօրին մոտ քաղաքը գրավվեց: Մարտի դաշտում բազմաթիվ զոհեր թողնելով թշնամին դիմեց փախուստի թողնված մարդասիրական միջանցքով: Հայկական կողմը տվեց 27 զոհ և շուրջ 180 վիրավոր: Ադրբեջանական կողմը տվեց շուրջ 300 զոհ և 700 վիրավոր: Որպես ռազմավար հայկական կողմին մնաց թշնամու ամբողջ հրետանին, զենքեր և այլն: Շուշիի ազատագրումից հետո ընկերները երկար որոնեցին Վարդանին և գտան հայկական գերեզմանոցում: Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին` «Ցնծացեք, նախնիներ, Շուշին ազատագրվեց»:

Մայիսի 11-ին Դուշմանի խումբը Հայկի Էջմիածինի ջոկատի հետ շարժվեց Զարիսլու գյուղի ուղղությամբ` պաշտպանելու ստրատեգիական նշանակություն ունեցող ավտոճանապարհը: Այդ ժամանակ ադրբեջանական ղեկավարությունը իր առաջ խնդիր էր դրել վերադարձնել Շուշին: Բախվելով Դուշմանի գլխավորած ուժերի հետ, ադրբեջանցիները կատաղի մարտերից հետո դիմում են փախուստի` մարտի դաշտում թողնելով մեծ քանակությամբ ռազմավար` այդ թվում «T-72» տանկեր, ինչպես նաև կրելով զգալի մարդկային կորուստներ: Այնուհետև տեղի ունեցավ հաղթական մուտք դեպի Լիսագոր և Բերձոր (այն ժամանակ` Լաչին): Իրկանացվեց Դուշմանի երազանքը` տուն վերադառնալ Շուշի-Լաչին ճանապարհով: Պատերազմի օրերին հերոսի մայրը` տիկին Զարուհին, նրա կողքին էր և օգնում էր որդուն: Ծանր ու դաժան մարտերում Վարդանը բազմիցս վիրավորվել է: «Բուժվելու օրերին նա տանջվում էր նրա համար, որ այլևս չի կարող գնալ կռվելու»,-պատմում է Վարդանի մայրը` տիկին Զարուհին: 1992 թ. մայիսին հրամանատարության որոշմամբ ստեղծվեց Շուշիի առանձին գումարտակ:Հրամանատարի փոխարինող դարձավ Դուշմանը: 1992 թ. հունիսին ադրբեջանական զինուժը` հզորացված Կիրովաբադում գտնվող սովետական 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի ուժերով, լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա: Շահումյանի շրջանի գրավմամբ ոգևորված թշնամուն հաջողվեց գրավել նաև ԼՂՀ Ասկերանի շրջանի Դագրազ Даграз) և Ակբուլագ (Акбулаг), որտեղից բացվեց ուղիղ ճանապարհ դեպի հարավ` Մյուրիշեն: Ստանալով այս տագնապալի լուրերը հունիսի 14-ին Վարդանն արդեն Արցախում էր,որտեղ Մյուրիշենցի Ագո-ի(Аго) հետ սկսեց սահմանի այդ հատվածում թշնամուն հակահարված տալու աշխատանքներ նախապատրաստել:

«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»:Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից… Վարդանը զոհվեց 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում: «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»:
Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին` Երևանում, հայ զինվորների գերեզմանոցում` Եռաբլուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել