Похожее изображениеՍյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում, ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմնական նպատակն է նոր ներդրումների ներգրավման համար նախադրյալների նպաստումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտադրությունը: Որոշվել է տեղակայումն իրականացնել Սյունիքում՝ Իրանի հետ սահմանագծին հնարավորինս մոտ` հաշվի առնելով հարևանի հետ հարատև առևտրատնտեսական հարաբերությունները:

Ազատ գոտում համար ընտրվել է Ագարակում առկա հողատարածք, որը զբաղեցնելու է 10-15 հա, սակայն առկա է 35 և հավելյալ 10 հա տարածքի ընդլայնման հնարավորություն: Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 28 մլն դոլար, և հաշվի առնելով ընթացիկ ծախսերը՝ ընդհանուր գումարը կլինի շուրջ 32 մլն դոլար:

Ակնկալվում է, որ 10 տարիների ընթացքում կազմակերպիչ ընկերության հասույթը կկազմի 52 մլն ԱՄՆ դոլար: Շահութաբերության ներքին նորմը կազմում է 12%, իսկ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերությունը կունենա 60-70 աշխատող:

Մարզի ազատ տնտեսական գոտին տեղակայված է լինելու սահմանից այն կողմ գտնվող իրանական «Արաս» ԱՏԳ-ից 2 կմ հեռավորության վրա, այդ նպատակով արդեն մեկնարկել են բանակցությունները:

Կանխատեսումներ են իրականացվել 10 տարիների ընթացքում շուրջ 120 ընկերություն ներգրավվելու համար, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլարի չափով ապրանքներ: Արտահանման համար թիրախային երկրներ նախանշվել են Իրանը, ԵԱՏՄ անդամ երկրները, Մերձավոր Արևելքի երկրները:
Տարածքը կլինի ցանկապատված, ինչպես նաև տեղակայված կլինի մաքսակետ, որը կապահովի հատուկ մաքսային ռեժիմ: ԱՏԳ-ն կունենա արտադրական տարածք՝ 40 000 քմ, գրասենյակային՝ 10 000 քմ: Կլինի պահեստային տարածք, ինչպես նաև բիզնես կենտրոն, որտեղ տեղակայված կլինեն բանկեր, ապահովագրական ընկերություններ, պետական ծառայություններ կմատուցվեն, նոտարական գրասենյակ, սննդի կետեր, կոնֆերանս դահլիճներ, ցուցահանդեսների կազմակերպման համար տարածքներ:

Տարածքների վարձակալության համար գրասենյակային տարածքների գները կլինեն 15 դոլար/քմ, արտադրականը` 10 դոլար/քմ, պահեստային` 5 դոլար/քմ: Սակայն դրանք կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով տարածքների մեծությունները:
Սյունիքի ազատ տնտեսական գոտում կգործեն շահութահարկի, դրույքահարկի և ԱԱՀ գծով արտոնություններ, ինչպես մնացած ազատ առևտրային գոտիներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել