Картинки по запросу ԳյումրիԳյումրիի քաղաքապետարանում այսօր իրարանցում էր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցություն էր անցկացնում գործարարների հետ վարչապետի՝ հունվարի 28-ին Գյումրի կատարելիք այցին ընդառաջ: Բայց քանի որ մինչ այդ՝ հունվարի 26-ին, գյումրեցի գործարարներն են այցելելու վարչապետին՝ քաղաքի զարգացմանն առնչվող հարցեր քննարկելու, Բալասանյանը ներկաներին հորդորեց կոնկրետ առաջարկներ նախապատրաստել, խմբավորել հարցերը, այնպես անել, որ կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը որեւէ հարց հանկարծ չկրկնվի:

Ի դեպ՝ Գյումրու զարգացման վերաբերյալ պիլոտային ծրագրի շուրջ տարբեր կազմակերպությունների կողմից մեծ աշխատանք է կատարվել: Առաջիկայում կլինի ծրագրի շնորհանդեսը՝ հետագա քայլերը քննարկելու նպատակով: Այսօրվա խորհրդակցությունից պարզ դարձավ նաեւ, որ պիլոտային ծրագիրը երկու ուղղություն ունի. դրանցից մեկով նախատեսվում է քաղաքում երկու փողոցներ վերանորոգել՝ տուրիզմը զարգացնելու նպատակով: Բալասանյանի խոսքով՝ ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որի շրջանակում քննարկվելու են փողոցների վերականգնման, լուսավորության ապահովման եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:

Նշենք, որ օրերս Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե կառավարությունը մասնավոր հատվածի հետ փոխգործակցությամբ մշակում է Գյումրի քաղաքի զարգացման, մասնավորապես՝ Կումայրի արգելոց-թանգարանի եւ Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Վարչապետի համոզմամբ՝ պատմամշակութային այս կարեւոր արժեքների վերականգնումն ու մյուս նախաձեռնությունները հնարավորություն կտան խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում: Վարչապետի ուշադրության կենտրոնում են նաեւ քաղաքի ներդրումային գրավչությանն ուղղված քայլերը, կոնկրետ բիզնես ծրագրերը: Համաձայն շրջանառվող լուրերի՝ Գյումրիում նախատեսվող միջոցառումների շրջանակում առաջին ներդրումը հենց Կարեն Կարապետյանն է անելու:

Ի դեպ, երբ դեկտեմբերի 7-ին վարչապետն այցելեց Գյումրի, շատերը պնդում էին, որ նրա հաջորդ այցը հանրապետության երկրորդ քաղաք ամենայն հավանականությամբ կլինի հաջորդ դեկտեմբերի 7-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել