Media.am-ը գրում է.

Ֆեյսբուքը ոչ միայն հետաքրքիր և օգտակար սոցիալական ցանց է, այլև ամենամեծ գովազդային հարթակներից մեկը, որն անընդհատ մեր մասին տեղեկություն է հավաքում։

Ֆեյսբուքի գովազդային համակարգը վիճակագրական բավականին ծավալուն տեղեկատվություն է տալիս գովազդատուներին։ Հայաստանի վերաբերյալ տրամադրվող տեղեկատվությունը թույլ է տալիս հետաքրքիր եզրակացություններ անել։

Այսօր Ֆեյսբուքում Հայաստանի տարածքից (Արցախը վիճակագրության մեջ ներառված չէ) ակտիվ օգտատերերի թիվը հասնում է 1 միլիոնի։ Ֆեյսբուքը ակտիվ է համարում այն բոլոր օգտատերերին, որոնք 30 օրվա ընթացքում գոնե մեկ անգամ մուտք են գործել սոցցանց։ Հասկանալի է, որ այս թիվը ներառում է նաև այսպես կոչված ֆեյքերը։ Սակայն ֆեյքերի թիվը համաշխարհային մակարդակով միջինում չի գերազանցում 5%-ը։ Հայաստանի դեպքում այս ցուցանիշը նույնիսկ ավելի ցածր կարող է լինել, քանի որ այստեղ ֆեյքերն ավտոմատացված չեն ստեղծվում, ամեն մեկը ձեռքով է արտադրվում: Ընտրությունների մոտենալուն զուգահեռ մենք, իհարկե, կունենանք ֆեյքերի ավելի մեծ բանակ, սակայն հունվարին նման ակտիվություն դեռ չկար:

Սեռական բաշխվածությունը հայաստանյան ֆեյսբուքում հավասար է։ Մյուս կողմից` կարելի է նկատել, որ երիտասարդների շրջանում ավելի շատ տղամարդիկ են ակտիվ, իսկ 45 տարեկանից սկսած՝ կանայք։

18-34 տարեկանները կազմում են ֆեյսբուքի լսարանի կեսից ավելին, իսկ 13-34 տարեկանները` հայաստանյան լսարանի 72%-ը։ Նշենք, որ տվյալները հիմնվում են օգտատերերի ներկայացրած տարիքային տվյալների վրա։ Նաև պետք է հաշվի առնել, որ Ֆեյսբուքը 13 տարեկանից ցածր երեխաներին թույլ չի տալիս գրանցել, և նրանք այլ տարիք են նշում՝ արգելքը շրջանցելու համար:

Հայաստանյան Ֆեյսբուքի սեռատարիքային կազմը

Հայաստանյան Ֆեյսբուքի սեռատարիքային կազմը

Ֆեյսբուքյան ակտիվության ընդհանուր տվյալները բավականին տպավորիչ են։

Ֆեյսբուքից ակտիվ օգտվողներին միշտ թվում է, թե մարդիկ, ընդհանուր առմամբ, լայնորեն ներգրավված են քաղաքական կամ հասարակական ընթացիկ քննարկումներում։ Սակայն, ըստ Ֆեյսբուքի տվյալների, այդ 1 միլիոն ակտիվ օգտատերերը 30 օրվա ընթացքում միջինում գրել են ընդամենը 1 մեկնաբանություն, հավանել են 8 անգամ (like), տարածել են 1 գրառում (share)։ Միևնույն ժամանակ 9 անգամ են գովազդային նյութ բացել։ Նման տվյալներից կարելի է եզրակացնել, որ 1 միլիոն օգտատերերի մեծամասնությունը (եթե չկա արտակարգ իրավիճակ) կա՛մ խաղ է խաղում, կա՛մ պասիվ ընթերցող է ու չի մասնակցում քննարկումներին։

Հայաստանյան Ֆեյսբուքի ակտիվությունը

Հայաստանյան Ֆեյսբուքի ակտիվությունը

Ֆեյսբուքից օգտվելու եղանակը նույնպես հետաքրքիր է։ Այսպես, մարդկանց միայն 17%-ն է միայն համակարգչից մուտք գործում Ֆեյսբուք: Իսկ Ֆեյսբուքի օգտատերերը, որոնք օգտվում են միայն հեռախոսներից և թաբլեթներից, 33% են կազմում։

Ինչ եղանակով են հայաստանցիները մուտք գործում Ֆեյսբուք

Ինչ եղանակով են հայաստանցիները մուտք գործում Ֆեյսբուք

Միգրացիան դեպի շարժական սարքերը զուգորդվում է սմարթֆոնների և թաբլեթների քանակի աճով, ինչը պետք է մտահոգի բոլոր այն կայքերի ղեկավարներին, որոնք իրենց արտադրանքի որակյալ շարժական տարբերակը դեռ չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել