Похожее изображениеԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրած հերթական նիստում քննարկել և հաստատել է փետրվարի 20-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է անցկացվելիք հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը. այն ընդգրկում է տվյալներ հանրաքվեի անցկացման օր նշանակելուց մինչև դրա արդյունքների ամփոփումը:

Հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածը հաստատվել է հունվարի 19-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 24.00-ը ներառյալ: «Միջոցառումների ժամանակացույցը և դրանից բխող համապատասխան իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատուներին: Փետրվարի 20-ի հանրաքվեի ողջ ընթացքին վերաբերող բոլոր հիմնական փաստաթղթային նորություններին հնարավոր կլինի ծանոթանալ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»,- ասել է Ս. Արզումանյանը:

ԿԸՀ-ի նիստում որոշում է ընդունվել նաև մեկից ավելի շրջաններ ընդգրկող թիվ 10 և 11 ընտրատարածքներում հանրաքվե կազմակերպող և անցկացնող տարածքային հանձնաժողովների վերաբերյալ:

«Թիվ 10 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների բոլոր համայնքները, հանրաքվեն կազմակերպելու և անցկացնելու լիազորությունները կիրականացնի հանրաքվեի Քաշաթաղի տարածքային հանձնաժողովը: Թիվ 11 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շահումյանի շրջանի բոլոր, Ասկերանի շրջանի թվով 12 և Մարտակերտի շրջանի 16 համայնքներ, հանրաքվեն կազմակերպելու և անցկացնելու լիազորություններն էլ դրվել է հանրաքվեի Մարտակերտի տարածքային հանձնաժողովի վրա»,- մանրամասնել է Ս. Արզումանյանը:

Նիստի վերջում հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել հանձնաժողովականներին և աշխատակազմի պատասխանատու աշխատողներին, հանրաքվեի տարածքային հանձնաժողովներին` ԼՂՀ բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում 2017թ. փետրվարի 20-ին անցկացվելիք հանրաքվեի հետ կապված բոլոր միջոցառումները սահմանված ժամկետներում և պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Նիստին մասնակցում էին ԿԸՀ անդամներ, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել