«… իսկ եթե մահկանացու հրամանատարի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքան ավելի ևս պետք է կատարենք մեր անմահ Թագավորի համար, որ Տերն է կենդանիների ու մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ»:    Հենց այս տողերով է Վարդան Մամիկոնյանը ոգևորում իր բանակը ճակատամարտից առաջ: Ավարայրի ճակատամարտը ներկայացված է այսպես. «Պարսկական բանակը դեպի Հայաստան շարժվեց 451թ. գարնանը: Տեղի ունեցավ մեծ ճակատամարտ, որը դասվեց փառահեղ ճակատամարտերի կողքին»: Ինձ թվում է`բոլորին հայտնի է ճակատամարտի ընթացքը, բայց կփորձեմ թռուցիկ ներկայացնել. «451թ. մայիսի 26-ի վաղ առավոտյան սկսվեց Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու մարտական շարքերի մեջ: Պարսից բանակի որոշ զորամասեր չդիմացան հայերի ճնշմանը և նահանջեցին: Վարդան Մամիկոնյանը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից բանակի պահեստազորին: Պարսիկների շարքում խուճապ սկսվեց, և թվում էր, թե հայերը հաղթում են: Բայց այդ ճակատագրական պահին զգացվեց պարսկական զորքերի թվական գերազանցությունը: Մուշկան Նյուսալավուրտի հրամանով պարսիկները վերադասավորեցին ուժերը, օգնության եկավ «Մատյան գունդը»: Նրանք շրջապատեցին սպարապետի փոքրաթիվ զորագունդը և սկսեցին աստիճանաբար սեղմել օղակը: Կատաղի ու օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին: «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,- այս էր նրանց նշանաբանը: Բայց նրանց շարքերը հետզհետե նոսրանում էին: Անհավասար կռվում հերոսաբար ընկան Վարդան Մամիկոնյանը, բազմաթիվ նշանավոր նախարարներ: Ասեմ նաև, որ այս տեղեկությունները դասագրքից են և ամենևին էլ չեն համընկնում իրականությանը: Մեկ այլ հոդվածներում նույնիսկ հստակ մարտի վայրը գրված չէ, գրված չէ նաև զորքի թիվը, ավելի ճիշտ ասվում է, որ 66 հազար, բայց ուսումնասիրելով այդ ժամանակաշրջանը` պարզ  է դառնում, որ այդ ժամանակ հայերի զորքի առավելագույն թիվը եղել է 77 հազար, իսկ ճակատամարտում առավելագույնը կարող էր լինել 55 հազար: Ինչևէ, այս հարցերը թողնում եմ պատմաբաններին, իսկ ես կփորձեմ ներկայացնել ընթացքը՝ եթե ամեն ինչ լիներ Վասակ Սյունու նախաձեռնությամբ ի՞նչ կլիներ: Երբ ճակատամարտը սկսվում է Վասակ Սյունին իր զորախմբով կատարում է լավ գործունեություն, սակայն Վ. Մամիկոնյանը ստանում է նամակ Սյունուց, որտեղ նշվում է, որ Սյունին ետ է քաշվում պատերազմի գաղափարից և ցանկանում է դիվանագիտորեն մոտենալ հարցին: Այս դեպքում ես կլինեմ շատ լավատես և կասեմ, որ եթե ամեն ինչ ընթանար  այնպես, ինչպես ցանկանում էր Վասակ Սյունին, ապա կլիներ մի քանի անգամ ավելի լավ: Եվ այսպես, ինչի՞ մենք հասանք այդ ճակատամարտից հետո: Ոչնչի, միայն ունեցանք Վարդանանց նահատակների տոնը, և  Սբ. Գրիգոր լուսավորչի, Սբ. Բարդուղեմեոսի և մի շարք այլ սրբերի կողքին ավելացավ նաև Սբ. Վ.Մամիկոնյանի անունը: Վասակ Սյունին ավելի հեռատես էր: Եթե մենք պայմանագիր կնքեինք Պարսկաստանի հետ, առաջին հերթին կունենայինք ևս մեկ ուժեղ հարևան, կստեղծվեին տնտեսական կապեր, կունենայինք առևտուր և ի վերջո չէիք կորցնի մեծ թվով զորք: Այդ ժամանակ երկիրը պառակտված էր, մենք չունեիք միասնական պետականություն, եկեղեցի, իսկ այս հարցով կարող էր օգնել Պարսկաստանը: Շատերը, երբ լսում են հայ-պարսկական պայմանագիր, անպայման նշում են այն, որ այդ պայմանագրի կետերից կլիներ նաև զրադաշտականության ընդունումը, բայց ինչո՞ւ, չէ՞ որ պայմանագիրը կնքվում է մեկը մյուսին հասկանալու և փոխըմբռնելու համար: Եվ հետո, եթե լիներ այդ պայմանագիրը, մենք ավելի շուտ կունենայինք թագավոր և պետականություն, քան եղավ պատերազմից հետո: Ես Ավարայրի ճակատամարտը չեմ համարում փառահեղ, այն փառահեղ չէր, այն ուղղակի բախում էր Հայաստանի և Պարսկաստանի միջև: 
Մարինա Մնացականյան, 10-րդ դասարան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել