Մեկ անգամ չէ, որ ես իմ խորը հիասթափությունն եմ հայտնել մեր անորակ հեռուստաեթերի ու այնտեղ պատահականության սկզբունքով հայտնված բուտաֆորիկ դեմքերի մասին: Հետևաբար, զարմանալի չէ նաև այս արձագանքս... Հանրային հեռուստաընկերությունը նորից ցուցանում է իր դեմքը` ինչ-որ ծանոթի միջոցով` ԽԾԲ հայտնի մեթոդով, հավանաբար, այստեղ հայտնվել են նաև երկու անհասկանալի մասնագիտության տեր մարդիկ, ովքեր մեկ ժամ մեզ համոզում են, որ իրենք հաղորդավարներ են: Այս «հաղորդավարները» վարում են երաժշտական ծրագիր, որտեղ երաժշտական համարներն ընդմիջող խոսքը մեծ բան չպիտի լիներ թերևս, բայց արի ու տես, նրանց համար մեծ չարչարանք ու տանջանք է` նրանք ժամերով փորձում են կարդալ իրենց տեքստը ու այնքան անվարժ, որ կարծեք թե տնավարի փորձ են անում: Տեքստն էլ ինչ տեքստ` համացանցային ինչ-որ տեղեկություններ տվյալ երգի ու նրա առաջին կատարողի մասին` ձանձրալի ռիթմով (տղամարդու կողմից) ու անհասկանալի կոկետությամբ (աղջնակի): Ավագ հաղորդավարը, պարզվեց, դերասան է ու վատ տեմբր չունի... (հա՜, մոռացա մեր պատգամավորներից մեկի ամուսինն է. ԱԺ-ն մեր գրպանից եթեր է լցնում ուղիղ և փոխաբերական իմաստներով....), բայց ի՞նչ պարտադիր է, որ ամեն լավ տեմբր ունեցող, ով անգամ այդ հաղորդմանը չի սազում ու նստած դիրքն անգամ ճիշտ չէ, ով չի կարողանում տեքստը կապակցել ասելիքին, հայտնվի էկրանին, կամ ամեն գեղեցիկ աղջնակ հաղորդավարական կարիերա անի, եթե չունի դրա պոտենցիալը (կլինեն մարդիկ, ովքեր կասեն, թե այդ աղջնակը մանկուց հեռուստատեսությունում է, բայց դա ոչինչ չի փոխում. ավելի վատ նրան այդտեղ ուղղորդողների համար, քանի որ չեն հասկացել, որ այդ աղջկա պոտենցիալը գուցե այլ ասպարեզում առավել քան օգտակար լիներ) ...էհ...համբերություն մեզ...հուսանք կուղղվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել