Картинки по запросу obamaԱրդեն հաշված րոպեներ անց ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես կստանձնի աշխարհի թիվ 1 պետության ղեկը: Եվ՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական ուղղություններով իր գործունեության, սեփական վարկանիշի տեսանկյունից ԱՄՆ-ի նոր նախագահին բավական լուրջ փորձություններ են սպասվում՝ հատկապես հաշվի առնելով այն շոշափելի ձեռքբերումները, սերն ու համակրանքը, որ ամերիկացի ժողովուրդը տածում է դեռևս գործող նախագահ Բարաք Օբամայի հանդեպ. պաշտոնից հեռանալու պահին Օբամային համակրում է ամերիկացիների ավելի քան 58%-ը, ինչը բավական բարձր ցուցանիշ է ԱՄՆ-ի նախկին նախագահների հետ համեմատության տեսանկյունից:

Չնայած Բ.Օբամայի անձի և գործունեության վերաբերյալ կարծիքները խիստ հակասական են, այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ՝ ԱՄՆ-ի 44-րդ նախագահն երկրի պատմության և ամերիկացիների հիշողության մեջ կմնա որպես լավագույն առաջնորդներից մեկը:

Նշեմ մի քանի ոչ շատ խորքային դիտարկումներ՝ ԱՄՆ-ի ներքին և արտաքին քաղաքական ուղղություններում Բ.Օբամայի վարչակազմի կողմից իրականացված քայլերի հետ կապված՝
Ներքին քաղաքականության ուղղությամբ՝
1. Տնտեսական առումով Օբաման ԱՄՆ-ի ղեկը ստանձնեց երկրի համար ճգնաժամային պայմաններում, երբ ամերիկյան տնտեսության սրընթաց անկումով աշխարհում մոլեգնում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Իսկ այսօր արդեն Օբաման իր իրավահաջորդին է փոխանցում տարեկան շուրջ 2% կայուն տնտեսական աճ ապահովող գերտերություն:
2. Շարքային ամերիկացու համար անգնահատելի նշանակություն ունեն Օբամայի նախաձեռնած լայնամասշտաբ փոփոխությունները առողջապահության ոլորտում՝ հայտնի «Obamacare» ծրագիրը, որը, հիրավի, լրջագույն բարեփոխումների ծրագիրն է երկրի առողջապահության բնագավառում:
3. ԱՄՆ-ի նախագահի պարզ ու անկեղծ, երբեմն ծիծաղելի, երբեմն հուզիչ, տպավորիչ վարքագիծը մշտապես կդրոշմվի շարքային ամերիկացու հիշողության մեջ:

Արտաքին քաղաքական ուղեգծում՝
1. Օբամայի պաշտոնավարման հենց մեկնարկին ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Իրաքի տարածքից, իսկ Աֆղանստանում տեղակայված զորախմբի թվաքանակը սկսեց պարբերաբար նվազեցվել. սա էականորեն նպաստեց ամերիկյան ԶՈՒ մարդկային և ռազմատեխնիկական կորուստների էականորեն նշված երկրներում:
2. Ընդունելով լիբիական հիմնախնդրում որդեգրած դիրքորոշման սխալականությունը և ձախողված գործելաոճը՝ ԱՄՆ-ն հրաժարվեց ուղղակի ռազմական միջամտություն իրականացնել սիրիական ներքաղաքական ճգնաժամին՝ բավարարվելով ընդամենը հակաահաբեկչական պայքար իրականացնելու գործելաոճով, չնայած որ եղել են սիրիական գործող վարչակարգի դեմ ուղղակի գործողություններ նախաձեռնելու նաև իրավական հիմնավորումներ:
3. Միջազգային տարաբնույթ խնդիրների հետ կապված՝ սիրիական, իրաքյան հիմնախնդիրների, ամերիկյան իշխանությունները ձգտել են սերտորեն համագործակցել ինչպես աշխարհաքաղաքական հակառակորդների (Ռուսաստան, Չինաստան), այնպես էլ դաշնակիցների հետ՝ ԵՄ, Թուրքիա, Սաուդյան Արաբիա և այլն:
4. Նոբելյան խաղաղության մրցանակակիր Օբամայի գլխավորությամբ ԱՄՆ-ի իշխանություններն էական ներդրում են ունեցել տարբեր տարածաշրջաններում եղած երկարատև և պայթյունավտանգ հիմնախնդիրների կարգավորման, լարվածության նվազման, ինչպես նաև Վաշինգտոնի համար առանձին թշնամական դերակատարների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում. մասնավորապես՝ հենց Օբամայի վարչակազմի ամենաուղղակի ջանքերով հանգուցալուծվեցին ինչպես Իրանի միջուկային ծրագիրն, այնպես էլ Կուբայի հետ տասնամյակների ընթացքում լարված հարաբերությունները: Բացի այդ՝ զգալի եռանդ է դրսևորվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, պաղեստինաիսրայելական հիմնախնդրի հանգուցալուծման ուղղություններով և այլն:
5. Մերձավորարևելյան տարածաշրջանում լարվածության մեղմացմանն ուղղված քաղաքականությունն իրականացնելիս Օբամայի վարչակազմը խիստ սկզբունքային մոտեցում ցուցաբերեց և որևէ կերպ չընկրկեց սեփական դաշնակիցների՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի դրսևորած շանտաժային, հաճախ «կամակոր» քաղաքականության առջև, անգամ գործողություններից և շարժվեց բացառապես սեփական տեսանկյունից հիմնավորված մարտավարությամբ ու ռազմավարությամբ:

Ինչ խոսք, Օբամայի գլխավորած ԱՄՆ-ի վարչակազմը, բնականաբար, թույլ է տվել նաև թերացումներ, բացթողումներ, բայց ինչպես մեզանում է ընդունված ասել՝ «Գնացողի հետևից միայն լավը, կամ ոչինչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել