Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ շատ երկրներ ցանկանում են իրենց ֆինանսական միջոցներով մասնակցել Սիրիայի վերականգնմանը։ Ասադն ընդգծել է, որ այդ երկրների ցանկում են առաջին հերթին ՌԴ-ն, Իրանն ու Չինաստանը։
Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի և Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի ներկայությամբ Իրանի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաներն օրերս ստորագրել են համագործակցության 5 փաստաթուղթ:

Փաստաթղթերը վերաբերվում են գյուղատնտեսությանը, հեռահաղորդակցությանը և նավթարդյունաբերության ոլորտներին:
ՌԴ-ն և Իրանը առանցքային դերակատարում են ունենում Ասադի վարչակարգի պահպանման, Սիրիան`ԻՊ–ի և այլ իսլամիստական խմբավորումներից ազատագրելու հարցում, իսկ ռազմա–քաղաքական, դաշնակցային համագործակցության տրամաբանական շարունակությունն է լինելու նաև տնտեսական համագործակցությունն ու պատերազմի հետևանքով կազմաքանդված սիրիական տնտեսության վերականգնումը։

Իրանը տարիներ շարունակ վարկերով, ուղղակի և անուղղակի ներդրումներով աջակցել է Ասադին`պատերազմի ամենածանր պահերին և վերոնշյալ պայմանագրերի ստորագրումը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Թեհրանը պաշտպանելու «շիական կիսալուսնի»`Իրաք, Սիրիա, Լիբանան կենտրոնական երկիր`Սիրիան և փորձելու է տնտեսապես հզորացնել այն, որպեսզի Դամասկոսը շարունակի գործոն հանդիսանալ Մերձավոր Արևելքում ու իրանական շահերը սպասարկի թե Թուրքիային տարածաշրջանում զսպելու, թե Լիբանանի ներքաղաքական իրադարձությունների վրա ազդելու`Հզբոլահի միջոցով, ինչպես նաև ամենակարևորը`Թեհրանը տարածաշրջանային թիվ մեկ հակառակորդ`Իսրայելի դեմ «պլացդարդմ» ծառայելու տեսանկյունից։

Ինչ վերաբերվում է ՌԴ–ին, ապա Մոսկվան ռազմակայաններ ունի Սիրիայում`Հմեյմիմ, Տարտուս ու ցանկանում է ապահովագրել իր ռազմա–քաղաքական ներկայությունը նաև տնտեսական ծրագրերով։ Ռուսական ներդրումները մեծ են լինելու Հալեպի, սիրիական այլ խոշոր քաղաքների վերականգնման գործում ու ռուսական կապիտալը իր տեղն է գտնելու սիրիական տնտեսության մեջ`իրանականի հետ զուգահեռ։ Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա Պեկինը տնտեսական շահեր ունի և կապիտալի էքսպանսիա է անում աշխարհի ցանկացած կետում`Լատինական Ամերիկայից, Ասիայից մինչև Օվկիանիա։

Մերձավոր Արևելքի կենտրոնական պետություններից մեկում`Սիրիայում չինական ներկայությունը կարևոր է նաև ույգուրական տարբեր խմբավորումների դեմ պայքարում, որոնք Սիրիայից վերադառնում են Սինցզյան և այնտեղ «ջիհադական և անջատողական» դրոշի ներքո պայքարում Պեկինի կենտրոնական իշխանությունների դեմ։

Այսպիսով, Սիրիան ռազմա–քաղաքական ազդեցության գոտիների առումով բաժանված է լինելու ռուս–իրանական տանդեմի միջև, ինչն իր արտահայտություն է գտնելու տնտեսական ոլորտում`ռուսական, իրանական և ինչու ոչ նաև չինական ներդրումները Սիրիան փորձելու են կրկին վեր հանել փլատակներից`սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել