Հունվարի տասնիննին ԼՂՀ Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի 5-րդ միջնակարգ դպրոցը մարդաշատ էր: Վաղարշակ Գրիգորյանի ծննդյան օրը հարազատ դպրոցի բակում հավաքվել էին նրա սիրելի ուսուցիչները, դասընկերները, հարազատները:

Դպրոց էին ժամանել նաև Հայաստանից ու Արցախից երիտասարդներ: Տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ և Վաղարշակի հիշատակը հավերժացնող հուշակոթողի ու ցայտաղբյուրի բացման արարողությունը: Հուշակոթողի, ցայտաղբյուրի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է, իսկ հովանավորը՝ արմատներով Ճարտարից Կարո Ասրումյանը, ով ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: 

Վաղարշակն ուսումնառության վեց տարիներն էլ ավարտել է գերազանց գնահատականներով: «Մի անգամ մաթեմատիկա առարկայից ստուգողական աշխատանքի ժամանակ դժվարացա խնդիրը լուծել, Վաղարշակից օգնություն խնդրեցի, սակայն ընկեր Գևորգյանից անընդհատ նկատողություն էի ստանում։ Այդ պահին Վաղարշակը ռետինս խնդրեց և ռետինը ինձ փոխանցելիս տեսա, որ ռետինի վրա խնդրի լուծումն էր գրված»,- պատմում է Վաղարշակի դասընկեր Մխիթարը: «Չափազանց բարի էր, միշտ ուզում էր գոհացնել բոլորին: Նա հիշողություններով միշտ հայրենի գյուղում էր: Աննկարագրելի էին նրա սպասումները, երբ ամառային ու ձմեռային արձակուրդներին պատրաստվում էր գնալ գյուղ՝ տատիկի ու պապիկի մոտ: Նա պապիկին ու տատիկին խոստացել էր, որ քսան տարեկանում կամուսնանա ու ծոռ կպարգևի նրանց: Ուսուցիչներն ու դասընկերները նրան ճանաչում էին որպես բնավորությամբ հանգիստ աշակերտի, բայց, միևնույն ժամանակ, ակտիվ ամեն հարցում»,- պատմում են Վաղարշակի հարազատները: 

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի կողմից ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով դպրոցի բակում թշնամու ագրեսիայի զոհ է դարձել 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, նրա հարազատ եղբայրը՝ 11-ամյա Գևորգ Գրիգորյանը, ու ևս մեկ դպրոցական՝ 12-ամյա Վարդան Անդրեասյանը, վիրավորվել էին:

Հեղինակ՝ Նարինե Հայրապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել