Tert.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է իր քաղաքական ապագային, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտի վերադասավորումներին և քաղաքական ուժերի առջև ծառացած մարտահրավերներին: 

-Պարո՛ն Սուքիասյան, ակտիվորեն քննարկվում է ԱԺ ապրիլի 2-ի ընտրություններին Ձեր մասնակցությունը ամենատարբեր կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կազմում: Որոշում ունե՞ք մասնակցության վերաբերյալ և այս պահին ո՞ր քաղաքական ուժին կամ դաշինքներին եք նախապատվություն տալիս:

-Դեռ որոշում չունեմ՝ մասնակցելո՞ւ եմ, թե ոչ: Նախապատվություն ևս դեռևս չունեմ. անց եմ կացնում տարբեր կոնսուլտացիաներ, քննարկումներ, որոնց արդյունքում, եթե լինի որոշում, անպայման մամուլին կհայտնեմ:

-Հաշվի առնելով ՀԱԿ-ի հետ Ձեր անցած ճանապարհը, կենսագրությունը՝ արդյո՞ք ավելի մեծ նախապատվություն չկա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժի պարագայում:

-Կրկնում եմ՝ նախապատվություն որևէ կերպ ձևավորված չէ. ՀԱԿ-ն ինձ հարազատ կառույց է, ինքներդ նշեցիք, որ ես իրենց հետ ճանապարհ եմ անցել, դեռ այն ժամանակներից, երբ անգամ Հայ ազգային կոնգրեսը չկար, այդ անունը չուներ: Բայց հիմա կարող եմ միայն ավելացնել, որ այս պահին որևէ որոշում չունեմ. ես պետք է գնահատեմ հնարավորությունները, ցանկությունները, ապագայի նկատմամբ մոտեցումները: Այո, ինչ խոսք, ՀԱԿ-ն ունի քաղաքական հենք, դիրքորոշում ու մոտեցում Հայաստանի Հանրապետության ամենաբարդ խնդիրներից մեկի նկատմամբ: Եվ շատ կուզեի, որ այլ քաղաքական միավորները նույնպես ունենային իրենց առանձին տեսակետն այդ հարցում, որպեսզի կարողանայինք համեմատել ու համադրել այս կամ այն տեսակետի առավելություններն ու թերությունները:

-«Ելք» դաշինքի հետ այս պահին համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ եք, նրանց հետ այս պահին կա՞ն կոնսուլտացիաներ:

-«Ելքի» հետ անցկացնում եմ կոնսուլտացիաներ և դրական եմ համարում իրենց գնահատականը իրենց իսկ քաղաքական ուժի վերաբերյալ, դրա իրատեսական հատվածը: Սա ինձ համար շատ կարևոր է, որովհետև այս փուլում, շատ դեպքերում, տարբեր քաղաքական միավորներ, կարծում եմ` գերագնահատում են իրենց:

-Խոսքը քաղաքական ուժերի ենթադրյալ տոկոսների՞ մասին է:

-Խոսքն այն մասին է, թե իրենք հասարակության կողմից ինչ ընկալում ունեն: Նախ, կարծում եմ, որ առաջին. այս մասին խոսելը շատ շուտ է, որովհետև հասարակությունը չգիտի` ով ինչ ծրագրով է գալու: Երկրորդ. այս ժամանակահատվածում, նոր օրենսդրությամբ՝ բավականին փոփոխություններ են եղել գործող ընտրական համակարգում` ընտրական հարթակում: Դրա համար, կրկնում եմ, որ դեռ շատ վաղ է խոսել այս մասին: Մոտավոր՝ գուցե հնարավոր է: Եվ հասարակությունն էլ ուշի ուշով հետևելու է, թե ով ինչ ծրագրեր կառաջարկի, ով որքանով իր տված խոստումների տերը կլինի, դրանց որ հատվածը կատարած կլինի կամ ի վիճակի կլինի կատարել: Սա շատ կարևոր է հասարակության համար: Չէ՞ որ այսօր համացանցի շնորհիվ տեղեկատվությունը բավականին հասանելի է յուրաքանչյուր հայաստանցի ընտանիքի համար: Այդ իսկ պատճառով, այսօրվա հասարակությունը նախկին ընտրությունների հասարակությունը չէ: Մենք պետք է սա գնահատենք, հարգենք այս իրողությունը:

Նաև գործենք այն գործիքներով, որոնցով հասարակությունը քաղաքական ուժերի հետ հեշտորեն կարող է հաղորդակցվել և պատկերացում ունենալ ինչպես ներկայացված կառույցի, այնպես էլ ծրագրի մասին: Կամ գնահատել, թե մոտեցումները որքանո՞վ են հարիր այս կամ այն սոցիալական խմբի պատկերացումներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել