Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը չի մտահոգվում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր գործողություններից՝ կապված միջուկային գործարքի հետ։
 Զարիֆի խոսքերով՝ Իրանը գիտի, թե ինչպես է պետք դուրս գալ իրավիճակից, եթե ԱՄՆ նախագահը չեղյալ հայտարարի միջուկային համաձայնագիրը. «Ինչ էլ որ նա (Թրամփը) անի միջուկային գործարքի հետ, մենք չենք մտահոգվում այդ կապակցությամբ, քանի որ մենք ունենք մեր տարբերակները։
 Սակայն մենք հավատում ենք, որ համաձայնագիրը բխում է յուրաքանչյուրի շահից։ Ամենակարևորն այն է, որ դա միջազգային համաձայնագիր է։ Դա երկկողմ համաձայնագիր չէ Իրանի ու ԱՄՆ-ի միջև։ Նախագահ Թրամփը սիրում է անակնկալներ, և մենք կզարմացնենք նրան»։
Ավելի վաղ Թրամփը եվրոպական պարբերականների հետ զրույցում հայտարարել էր, որ Իրանի հետ կնքված միջուկային գործարքը երբևէ կնքված ամենավատ համաձայնագրերից մեկն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել