Картинки по запросу տնտեսությունՏնտեսության աշխուժացման համար պետության կողմից մշակվել էր նոր ռազմավարություն: Խոսքը մասնավորապես գնում է արտաքին քաղաքական բլոկի հետ «համագործակցության» խորացման մասին: Փաստացի՝ գործադիրը, որպես ներդրումների ու տնտեսական համագործակցության մեծացման շարժիչ ուժ ներգրավել էր նաև դիվանագիտական բլոկին: Դեռ քննարկումներն ընթանում էին հայտարարությունների մակարդակով, ու դժվար էր հստակ պատկերացնել կիրառվող մեխանիզմը:

Որոշ ժամանակ առաջ կառավարությունը որոշել էր Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ունենալ Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն: Այդ ժամանակ հիմնականում խոսվում էր այն մասին, որ դա նախ կլինի պետական հովանավորչություն Դուբայում բնակվող հայերի համար, ինչպես նաև կարևոր նշանակություն կարող է ունենալ տնտեսական և բիզնես համագործակցության խորացման տեսանկյունից:

Այսօր արդեն կառավարության նիստի ժամանակ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը: Այսինքն՝ այսուհետ երկու երկրների միջև փոխայցելությունները կլինեն առանց վիզային ռեժիմի:

Սա նախ կարող է մեծացնել ներդրումային հետաքրքրությունը, բացի այդ՝ կարող է նպաստել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալների աճին: Հայաստանը պետք է կարողանա դիվանագիտական բլոկը լավագույնս օգտագործել ՀՀ-ի տնտեսական ակտիվության ու ներդրումների մեծացման համար: Ենթադրելի է, որ ԱՄԷ-ի հետ սկսած նոր երկխոսությունը կարող է դրական անդրադառնալ վերոնշյալ ուղղությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել