Tert.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը նախաձեռնել է էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հրավերը խորհրդարան՝ օրերս ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքած պայմանագրի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Այս տարվանից ռուսական ընկերությունը Վրաստանի տարածքով Հայաստան գազի տարանցման համար վճարելու է ոչ թե Հայաստան մատակարարվող վառելիքի ծավալի 10 տոկոսով, ինչպես նախկինում, այլ գումարով: Կնքված պայմանագիրն ընդդիմությունը «դավաճանական» է անվանում և պատրաստ է բողոքի հանրային ակցիաներ անցկացնել, գրում է «Независимая Газета»-ն:


««Գազպրոմ»-ը բավական վաղուց էր փորձում փոխել Թբիլիսիի հետ համաձայնագիրը: Ռուսական կողմին այլևս շահավետ չէր վճարման այդ սխեման, և նա փորձում էր դրամի փոխարկել այդ հարաբերությունները: Կալաձեին մինչև վերջին բանակցությունները հաջողվում էր երկարացնել «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը գոյություն ունեցող պայմաններով: Այս անգամ չստացվեց»,- գրում է կայքը: Ռուսական կողմը կտրականապես հրաժարվեց խաղալ հին օրենքներով՝ որպես փաստարկներից մեկը նշելով «ժամանակակից իրականությանը դրանց անհամապատասխանությունը»:


Վրաց նախարարի խոսքով՝ Հայաստան գազի տարանցման վճարը լինելու է Եվրոպայում ամենաթանկը: «Այլ ելք մենք պարզապես չունեինք»,- հայտարարել էր Կալաձեն Վրաստան վերադառնալուց հետո:


Այդ բացատրությունն ընդդիմության՝ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների համար սպառիչ չի եղել: Ընդդիմությունը սկսել է խոսել ազգային շահերը դավաճանելու մասին, նախաձեռնել է Կալաձեի հրավերը խորհրդարան, իսկ փոխկապակցված ՀԿ-ների միջոցով հայտարարել է բողոքի ակցիաների անցկացման մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել