Image result for fake profile facebookԵթե «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում կեղծ օգտատերերի գործառույթների զանգվածային ակտիվացում է նկատվում հատկապես ներքաղաքական առանցքային գործընթացների հետ կապված, ասենք, ինչպես ներկայում՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ապա Իսրայելում այս եղանակը մեծամասամբ օգտագործվում է հետախուզական նպատակներով:

Այսպես՝ համաձայն Իսրայելի պաշտպանության բանակի («ՑԱՀԱԼ») աղբյուրի՝ մի շարք պաղեստինյան «ահաբեկչական» կառույցներ սոցիալական ցանցերում՝ մասնավորապես «Ֆեյսբուքում», ստեղծում են համակրելի աղջիկների լուսանկարներով կեղծ հաշիվներ, որոնց միջոցով հետախուզական բնույթի կարևոր տեղեկատվոթյուն են ստանում իսրայելցի զինծառայողներից: Իսկ բուն «հետախուզական գործողությունը» տեղի է ունենում հետևյալ կերպ՝ ֆեյսբուքյան կեղծ հաշիվներով պաղեստինցի կիբերգործակալներն ընկերանում են իսրայելցի զինծառայողների հետ՝ ներկայանալով հիմնականում որպես որևէ արաբական երկրից հրեա ներգաղթյալներ, մտերմանում, ապա խնդրում են ուղարկել զրուցակցի անձնական լուսանկարները զինծառայության վայրից կամ առաջարկում հեռախոսներում ներբեռնել հատուկ հաղորդակցական հավելվածներ, որոնք ստեղծվել են հետախուզական նպատակներով, ինչի միջոցով հնարավորություն է ընձեռնվում մուտք գործել զրուցակցի հեռախոս և ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Իսրայելցի որոշ զինծառայողների կողմից բարձրաձայնված կասկածներից հետո «ՑԱՀԱԼ-ի» տեղեկատվական անվտանգության բաժինը և Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը («ՇԱԲԱՔ») իրականացրել են «Որսորդների ճակատամարտը» անվանումով հատուկ գործողությունը, ինչի արդյունքում բացահայտվել են համակրելի կանանց նկարներով մի քանի տասնյակ հաշիվներ, որոնք իրականում օգտագործվել են պաղեստինյան տարբեր կառույցների կիբերգործակալների կողմից:

Վերոնշյալի համատեքստում, իսրայելական բանակի ղեկավարությունը զգալիորեն խստացրել է զինծառայողների կողմից սոցիալական ցանցերից օգտվելու կանոնները՝ արգելվել են ցանկացած բնույթի անձնական և գաղտնի տեղեկատվության տարածումը սոցիալական ցանցերում, շփվել բացառապես ծանոթ օգտատերերի հետ, խուսափել կասկածելի բնույթի հղումներ բացելուց կամ համացանցային էջեր այցելելուց, ծրագրեր ներբեռնել բացառապես պաշտոնական աղբյուրներից, զեկուցել հրամանատարությանը ցանկացած անծանոթ համակրելի աղջկա կասկածելի ակտիվության վերաբերյալ և այլն:

Հ.Գ. Հանդիսանալով պատերազմական վիճակում գտնվող երկիր՝ հետախուզական բնույթի տեղեկատվություն ստանալու և հակառակ նշանակության ռիսկերից խուսափելու համար վերոնշյալ եղանակը կարող է կիրառական նշանակություն ունենալ նաև մեզանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել