Image result for лукашенкоԱնցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալվեց ՌԴ-ի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի, լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Լապշինը ձերբակալվեց «Եվրոպայի վերջին բռնապետի» կողմից հարավկովկասյան իր «կոլեգայի»՝ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի պատվերով: Լապշինի մեղքը նրանում էր, որ նա մի երկու անգամ առանց Բաքվի «թույլտվության» այցելել էր Արցախ:
Վերջին անգամ Բաքու այցելելուց Իլհամը Լուկաշենկոյին պարգևատրեց «Հեյդար Ալիև» շքանշանով: Հուզված Բատկան էլ անկեղծացավ և բոլորի ներկայությամբ խոստացավ վարձահատույց լինել ապշերոնյան սուլթանից այդպիսի «բարձր» պարգև ստանալու համար: Ինչպես հասկացանք, «պարտքի տակ չմնալը» Լապշինի ձերբակալությունն էր և Ադրբեջանին հանձնելու ծրագիրն էր: Այսպիսով՝ նաև պարզեցինք, թե ինչ արժե Իլհամի հայրիկի անունը կրող շքանշանը. մեկ բլոգեր՝ մեկ «Հեյդար Ալիև»-ի դիմաց:
Մտադրություն չունեմ այժմ անդրադառնալու Լապշինի շուրջ ծավալվող իրադարձություններին: Ինձ այլ հարց է հետաքրքրում:
Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում» ընդգրկված են հարյուրավոր մարդիկ, որոնց դեմ Ադրբեջանի իշխանությունները քրեական գործեր են հարուցել: Սակայն այդ ամենը բուտաֆորիա էր, քանի դեռ Իլհամի «ոխերիմ» ընկերը չէր որոշել Լապշինին ձերբակալել և ապացուցել Մեհրիբան խանումի ամուսնուն, որ ինքը «Հռոմի պապից կաթոլիկ է»:
Իսկ հարցս հետևյալն է: Արդյո՞ք բեսպռեդելշիկի դեր տանող Լուկաշենկոն կհանդգնի ձերբակալել և Բաքվին հանձնել Բելառուս այցելած և Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» ընդգրկված բոլոր անձանց: Հետաքրքիր կլինի, եթե Մինսկում ձերբակալեն Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո լե Ռուին, աշխարհահռչակ օպերային երգչուհիներ Մոնսերատ Կաբալյեին կամ Լյուբով Կազարնովսկայային, «Franck Muller» ընկերության համասեփականատեր և գլխավոր տնօրեն Վարդան Սրմաքեշին, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բիիտանիայի, ՌԴ-ի, Հունաստանի, Կանադայի և շատ այլ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, հայտնի երգիչների, լրագրողների, իրավապաշտպանների և այլն: Այդ դեպքում կարելի է ողջունել Լուկաշենկոյին և հպարտանալ նրա սկզբունքայնությամբ: Սակայն ես 100%-ով համոզված եմ, որ վերը նշված անձանց ձերբակալումը Մինսկում ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ Լուկաշենկոն տարրական «ղզիկ» է և նրա ուժը պատում է Լապշինի նման «հասարակ» մարդկանց վրա: Այդպիսի մարդկանց վրա են ինքնահաստատվում և իրենց ուժը ցույց տալիս Լուկաշենկոյի և Ալիևի նման բռնապետերը: Վերը նշվածներին «անհանգստացնելու» դեպքում համապատասխան մարդիկ կկտրեն և՛ Լուկաշենկոյի, և՛ նրա պատվիրատուի ականջները, որ երբեք էլ չհանդգնեն նույնիսկ այդ մասին երազել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել