Սոս Սարգսյանը Մհեր Մկրտչյանի մասին

 ... Արդեն աշխատում էինք թատրոնում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու՝ Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ մայրաքաղաքում: Ամեն ներկայացման մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Մի օր երկուսով ունեինք ընդամենը մի ռուբլի, հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանքը երկարի: Թատրոնի այգում հեծնեցինք նստարանին՝ թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղ: Հիշո՞ւմ ես ինչից էինք խոսում, Ֆրունզ: Իհարկե հիշում ես՝ թատրոնից, Ստանիսլավկուց, մեր դերասաններից, զրուցում էինք՝ աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված... Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն... Խոսելը մեր արևածաղիկ չրթելը երկարացնում էր, և դա կարծեմ մեր կարծեմ մեր կախարդական օրերից էր... 

Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսո՞ս չես, մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, քո արվեստը կաղապար չունեցող, ինքդ քեզ ինչո՞ւ ես կապանում: Թող ծառա լինի ձիդ, խրխնջա զրնգուն... մրցանակներ շահես ազգիդ համար...Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի, բարձունքներին սովո՛ր մարդ...

                                             ***

Մհեր Մկրտչյանը, իրոք , ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...

Վարդան Աճեմյան

Ես լիովին հավատացած եմ, որ Մհերը դերասան է ծնվել։

Աշոտ Մալաքյան (Անրի Վերնոյ)

Մեծ է Մհեր Մկրտչյանի հմայքը։ Նա գիտե բեմում առինքնող գեղեցկությամբ երևալու գաղտնիքը` բնության մեծ պարգևը։

Գևորգ Աբաջյան

                                                 ***

Մհեր Մկրտչյանի եղբոր` Ալբերտ Մկրտչյանի պատմածը.

Հայրս չէր սիրում Ֆրունզին, չէր սիրում, որ Ֆրունզը դերասան է դառնալու: Եվ ոչ միայն հայրս, այլև հորս ընկերները ծիծաղում էին, որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա: Շատ դժվար էր նրա համար տեսնել այդ: Միշտ ասում էր. «Դերասան ես, հա՞, կապիկություն կենես, հա՞»: Ու նյարդայնանում էր. շատ էր ուզում, որ Ֆրունզիկը նկարիչ դառնար:
...Դեռ Լենինականում (Գյումրի) մի ներկայացման ժամանակ հանկարծ լռության մեջ տեսա, որ հայրս գնում է դեպի բեմ: Վախեցած նայում էի, ինձ թվաց` պիտի բարձրանա բեմ և սկսի Մհերին ծեծել: Գնաց, կանգնեց շատ մոտ, երկար նայեց Մհերին: Զգում էի, որ Մհերը շփոթված, վախեցած շարունակում էր խաղալ:
Երեկոյան հայրս ուշ եկավ տուն: Մհերը պառկած էր: Ոտքերից վերմակը քաշեց և ասաց.«Ֆրունզ ջան, ապրիս, կուզեմ այս գիշեր ոտքերիդ տակ պառկիմ, քնիմ»:

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել