Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Վանա լճի ակտիվիստների միությունը ստորագրահավաք է սկսել Վանա լճի Աղթամար կղզի քաղցրահամ ջուր հասցնելու համար։
 Ակտիվիստներն ընդգծում են, որ դա կօգնի պահպանել կղզու բնական հարստություններն ու կանաչապատել կղզին։ Նրանց կամպանիան ստացել է «Աղթամար կղզին չպետք է անապատ լինի» անվանումը։
 Միության ղեկավար Էրդողան Օզելը հարցը քննարկել է Վանի նահանգի Գևաշ շրջանի (որում ընդգրկված է Աղթամարը) ղեկավար Սինան Հաքանի հետ, որն աջակցում է տվյալ նախաձեռնությանը։
 Օզելը հայտարարել է. «Մեր թիմը զբաղված է Վանա լճի ավազանի բոլոր արժեքների պահպանմամբ։ Այդ նպատակով արդեն 8 ամիս է, ինչ այցելում ենք Աղթամար կղզի։
 Այստեղի ծառերը տարեց են, կոտրված և վնասված, ինչը ոչ բարեբեր է դարձնում կղզին։
 Մենք ցանկանում ենք կղզին տեսնել այգեպատ ու կանաչապատ, վերակենդանացնել այս ամենը և ցանկանում ենք աշխատանքներ սկսել, սակայն անհրաժեշտ է պաշտոնական թույլտվություն։ Դիմել ենք մշակույթի ու զբոսաշրջության նախարարությանը»։
 Սինան Հաքանն իր հերթին հայտարարել է, որ աջակցում է ակտիվիստների նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ Աղթամարն իր եկեղեցով ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային պատմամշակութային ժառանգության ժամանակավոր ցուցակում.
 «Մենք կարծում ենք, որ կղզու կանաչ խոտածածկը և մասնավորապես նշի ծառերը պահպանելու համար անհրաժեշտ է բավականաչափ քաղցրահամ ջուր։ Իսկ Վանա լճի ջուրը աղի է։ Այդ նպատակով պետք է կառուցվի ափից դեպի կղզի 3.5 կիլոմետրանոց ջրատար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել