Похожее изображениеԵգիպտոսի բարձրագույն դատարանը մերժեց Կարմիր ծովի Թիրան և Սանաֆիր կղզիները փոխանցել Սաուդյան Արաբիային:

2016 թ. ապրիլին եգիպտա-սաուդական բանակցությունների արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել հիշյալ կղզիները հանձնել Սաուդյան Արաբիային:

Այդ հարցը հասարակական լայն հնչեղություն ստացավ Եգիպտոսում: Անգամ գործը քննվեց վարչական դատարանում, որը Եգիպտոսի սահմանադրությանը հակասող ճանաչեց այդ համաձայնությունը:

Այսօր արդեն կղզիների հետ կապված վճիռ կայացրեց Եգիպտոսի բարձրագույն դատարանը` մերժելով Սաուդյան Արաբիայի հետ դեմարկացիոն գծի սաուդյան կողմում թողնել եգիպտական Թիրան և Սանաֆիր կղզիները:

Կղզիները չափազանց կարևոր ռազմավարական դիրքում են գտնվում` դրանք նախ բավական մոտ են Սաուդյան Արաբիային (մոտ են գտնվում հատկապես սաուդյան Թաբուք քաղաքին), բացի այդ` տեղակայված են Ակաբայի ծոցի մոտ, որը տանում է դեպի Իսրայել և Հորդանան (1967 թ. Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ Եգիպտոսը փակել էր ծոցը` բլոկադայի ենթարկելով հրեաներին):

Կղզիները առանցքային նշանակություն ունեն Եգիպտոսի Սինայի թերակղզու և Կարմիր ծովի անվտանգության ապահովման համար ընդհանրապես: Դրանք նաև չափազանց կարևոր զբոսաշրջության ուղղություններ են եգիպտացիների համար:

Այդ է պատճառը, որ Սաուդյան Արաբիան հետաքրքրված է այդ կղզիներով ու կախվածության մեջ պահելով անբարենպաստ պայմաններում հայտնված Եգիպտոսին՝ փորձում է տիրանալ Թիրան և Սանաֆիր կղզիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել