Կիսվեմ ձեզ հետ մարտի 7-ի՝ Գյումրու թատերական հրապարակի հանրահավաքի տպավորություններիցս: Գյումրին միայն թատերական հրապարակում հավաքված մարդիկ չեն, այլ նաև նրանք, ովքեր ներկա չէին, իսկ եթե ներկա չէին, ուրեմն «Բարևը» բոլորինը չէր:  
Ինչպես այսօր ինձ համար պարզ դարձավ, ցիտրուսային սեզոնը փակվում է դեռ չբացված, չգիտեմ՝ ցիտրուսը ժամկենտանց դուրս եկավ, թե պարզապես դրա կարիքը չեղավ: Այսօրվա հանրահավաքը կարելի է Էյնշտեյնի հարաբերականության տեսության պրիզմայով անցկացնել, քանի որ, ըստ իս, այն չէր փայլում բազմամարդությամբ, մի՞գուցե 30-60 ունկնդրի առջև հանդես եկող խոսնակների համար այսօրվա «Բարև Գյումրին» պարզապես անշլագ է, բայց ինձ համար, այն ավելի շուտ հրաբխի է նման, որը, իր գազերն արտանետելով մթնոլորտ, չհասավ ժայթքման: Թվեր չբերեմ, անձամբ չեմ հաշվել, չեմ էլ հավատա, եթե դուք թվեր կրակեք: Մեկի համար շատ էր, մյուսի համար շատ շատ քիչ: 
Խոսնակներից սպասում էի ավելին, քան հնի հիշեցումը, թե գյումրեցին չի վաճառվում, թե ոստիկանների աշխատավարձը մեր գրպանից է վճարվում, թե որտեղ են ձմեռում խեցգետիններն ու այլևայլ նման բաներ: Այդ «զրույցները» չեն բավարարում իմ սպասումներն ու չեն պատասխանում իմ հարցերին և ավելին, չեն գրգռում իմ մեջ բողոքի կրակը, էլ ուր մնաց 50-ն անց մարդկանց: Հախվերդյանին շատ եմ հարգում, բայց ավելի լավ է նա երգեր, քան թե հասցներ մի երկու բան ասել, նախքան նրանից բարձրախոսը կխլեին (խլելու պատճառն այլ բան էր, ինչ որ իրարանցում եղավ ոստիկանների պատճառով, բայց նա այլևս չմոտեցավ բարձրախոսին): Եզրակացությունս այս է, ինքնաբուխ դժգոհության ալիքը հանդարտեցվում է, և արդյունքը ակնհայտ է: Եթե անկեղծ, ես, որ չունեի վստահություն և էլ ուր մնաց հավատ որևէ քաղաքական գործչի կամ կուսակցության նկատմամբ՝ սկսել էի մի պահ երկմտել և միտում կար հավատալու, որ հնարավոր է: Վանկարկումներս ու հավանություն տվող սուլոցներս մի կողմ, բայց այսօր թվաց, թե սաղմը, դեռ չծնված, արդեն մահանում է: Եթե ասենք, թե այս անգամ թատերական հրապարակը հոսանքազրկված էր, սուտ կլինի, եթե ասեմ, թե ոստիկաններն ամեն կերպ խոչընդոտում էին հանրահավաքի կայացմանը, սուտ կլինի, եթե ասեմ, թե ուսանողները դասի էին, սուտ կլինի, եթե ասեմ, թե Գյումրու 99% գրիպային վիրուսով տանն էր պառկած՝ դա էլ սուտ կլինի:
Չգիտեմ, բայց ինձ համար բոլոր հանրահավաքներն ու շարժումները բաղդատվում են միայն 2008-ի հետ, ու ամենևին էլ ոչ էն պատճառով, որ ՀԱԿ-ն ու Լևոնն էին ժողորդին առաջնորդում, այլ որ ժողովուրդն էր մի մարդու նման համախմբված: 2008-ին ավելի շատ հնարավորություն կար իշխանափոխության: Մարտիմեկյան իրադարձություններն ու զոհերի թափված արյունը ժողովրդի ցասման կուլմինացիան կարող էր դառնալ: Չդարձավ: Հնարավորությունն այլևս բաց է թողնված, իշխանությունները կարող են հանգիստ լինել, քանի որ այս հանրահավաքներն իրենց ոչնչով չեն սպառնում, իսկ սպառնալիքը 2008-ին էր, սա պարզապես բողոքի ձայն է և ոչ թե ցասում, աղաղակ չէ, ինքնապահպանման և գոյատևման պայքար չէ, այլ բողոքարկում, որն արդեն իրենում աղաղակի և պայքարի ուժ չի գտնում: Հիմա կասեք՝ համբերի դեռ ծրագրեր կան առջևում, դեռ գարնան ուժն իրենով չի օժտել յուրաքանչյուրին և նման էլի գեղարվեստական, պոետիկ, հեղափոխական, ամպագոռգոռ, հայրենասիրական և էլի լիքը այլևայլ բառեր կամ արտահայտություններ: Ինչ որ է, այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել