Չինական պետական ԶԼՄ-ները ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել են, որ «կրակի հետ է խաղում»՝ փորձելով կասկածի տակ դնել «միասնական Չինաստանի» քաղաքականությունը։

Ավելի վաղ Թրամփը Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ «միասնական Չինաստանի» քաղաքականությունը կարող է դառնալ բանակցությունների թեմա երկու երկրների միջև։ Իսկ դեկտեմբերին Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Թայվանի նախագահ Ցայ Ինվենի հետ։

«Եթե Թրամփը մտադիր է հակված մնալ այդ դիրքորոշմանը պաշտոնը ստանձնելուց հետո, ապա անխուսափելիորեն վրա կհասնի կոշտ, ավերիչ հակազդեցության ժամանակաշրջան, և Պեկինը ստիպված կլինի հանել ձեռնոցները»,-ասվում է China Daily-ի հոդվածում։

Օրեր առաջ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ «միասնական Չինաստանի» քաղաքականությունը քննարկման ենթակա չէ, քանի որ Չինաստանի կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է երկիրը։

1979 թվականից ԱՄՆ-ում գործում է Թայվանի հետ հարաբերությունների մասին օրենք, որն ամրագրում է կողմերի միջև համագործակցությունը մի շարք ոլորտներում, բայց չի նախատեսում դիվանագիտական հարաբերություններ։ Չինաստանն իր հերթին Թայվանը դիտարկում է ոչ թե որպես առանձին երկիր, այլ սեփական նահանգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել