Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի դեպքում խնդիրը ներսում էր, Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ ԵԱՀԿ գրասենյակը փակվի, իսկ hայաստանյան իշխանությունների դեպքում նման խնդիր չկա, Հայաստանի իշխանությունները շահագրգռված են, որ ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում աշխատի. Tert.am-ի հետ զրույցում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման մասին լուրն այսպես մեկնաբանեց Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների ղեկավար Արթուր Ղազինյանը։
 «Հավանաբար վերևներից՝ հենց Վիեննայից են խնդիր տեսնում, որ Երևանում գրասենյակը չաշխատի: Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ Հայաստանը միշտ էլ Ռուսաստանի կողմնակիցն է եղել, նրանք արդեն դա չեն ուզում: ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարը միշտ ռուս է եղել: Հավանաբար դրա հետ ԵԱՀԿ-ում համաձայն չեն, և դրա շուրջ են բանակցություններն ընթանում և կոնսենսուսի չեն գալիս»,- ասաց նա՝շեշտելով, որ ամենայն հավանականությամբ՝ Հայաստանը ԵԱՀԿ գրասենյակի փակման փաստի առաջ է կանգնում ռուսական կազմակերպություններին անդամակցելու պատճառով:
 Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանը ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարացման հարցում չի կարողացել հասնել կոնսենսուսի, և այն կարող է փակվել: ԵԱՀԿ գրասենյակը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ: «ԵԱՀԿ Նախագահությունը շարունակում է բանակցությունները՝ այդ հարցի շուրջ արագ համաձայնության հասնելու համար»,-ասել էին ԵԱՀԿ գրասենյակից:
 Արթուր Ղազինյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որ գրասենյակը չփակվի։ Նա նշեց, որ փակման դեպքում Հայաստանի միջազգային վարկանիշը վնասներ կկրի, մենք լուրջ խնդիրների առջև կկանգնենք: Եվ որպեսզի իշխանությունները կարողանան հաջողել բանակցությունները, պետք է ակտիվություն դրսևորեն դիվանագիտության ոլորտում, բանակցեն ԱՄՆ-ի, ԵՄ երկրների հետ, ռուսական ազդեցությունից դուրս գալու ցանկություն դրսևորեն: «Բանակցությունները պետք լինեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակով»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել