«Արդեն երկու օր լայն քննարկման առարկա է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։ Սույն հարցին «Հայկական ժամանակը» անդրադարձել էր դեռևս նոյեմբերին։
 
Մասնավորապես գրել էինք, որ Սահմանադրության պահանջով պատգամավոր կարող է դառնալ անձը, որը վերջին 4 տարին բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։
 
Այն ժամանակ, սակայն, հարցին մեծ կարևորություն չտրվեց, և նույնիսկ գտնվում էին առանձին ՀՀԿ-ականներ և քաղաքագետներ, որոնք կարծիք էին հայտում, որ ոչինչ չի կարող խոչընդոտել Կարապետյանի՝ ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցելուն։ Նույնիսկ հավաստի տեղեկություններ էին շրջանառվում, որ նա գլխավորելու է ՀՀԿ համամասնական ցուցակը։
 
Արդեն երկու օր է, սակայն, խնդրի նկատմամբ ընդհանուր տրամադրվածությանը փոխվել է։
 
Կարեն Կարապետյանը երեկվա ասուլիսում ասաց, որ եթե իրեն առաջարկեն գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը, ինքը կհրաժարվի։ Անցյալ տարեվերջին խմբագիրների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ավելի էնտուզիազմով էր մոտենում այս հարցին։ Նա այն ժամանակ հայտարարեց, որ եթե կարիք լինի, արձակուրդ կվերցնի և կզբաղվի ՀՀԿ-ի քարոզչությամբ։
 
Ի՞նչն է փոխվել, ուրեմն։ Կարծում ենք, Կարեն Կարապետյանը պարզապես փաստի առաջ է կանգնել։ Վարչապետ դառնալու առաջարկությունն ընդունելով նրա մտքով չի էլ անցել, որ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու տեսանկյունից իր համար անտեսանելի և անհաղթահարելի խոչընդոտներ կան։ Այդ թեմայով հրապարակումներին այն ժամանակ նշանակություն չտրվեց։ Փոխարենը «Գալափի» հարցումները ցույց տվեցին, որ Կարապետյանը երկրում ամենաբարձր ռեյտինգն ունի. տեղի ունեցավ շռնդալից անդամակցությունը ՀՀԿ-ին։ Ի՞նչ իմաստ ուներ այս ամենը, եթե պետք է մեկ ամիս անց պարզվեր, որ այս ընտրությունները ոստիկանության անձնագրային բաժնի կեղծ տեղեկանքներով չեն մրոտելու և եթե Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, ուրեմն չի մասնակցի ընտրություններին։
 
Բայց սա դեռ ամբողջը չէ։ Եթե իրադարձություններն այսպես զարգանան և ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը, դա, միևնույն է, կարող է տևել մինչև 2018-ի ապրիլ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել