National Geographic-ն իր վերջին հոդվածում, որը խորագրված է «6 անսպասելի քաղաքներ համեղ ուտել սիրողների համար», նշում է նաև Երևանի մասին՝ համարելով այն ծաղկող քաղաք:

National Geographic-ի թիմը յուրաքանչյուր մայրցամաքից ընտրել է մեկական քաղաք, որոնք համապատասխանում են այս խորագրին:

«Օրը համեղ սկսելու համար առաջարկվում է այցելել Շառլ Ազնավուրի հրապարակ: Նախաճաշը կարելի է սկսել համեղ վաֆլիով կամ ֆրանսիական տոստով, որոնք մատուցվում են Արթբրիջ սրճարանում (ArtBridge Bookstore Cafe)։ Լանչին փորձեք խինկալի, իսկ կեսօրին վերալիցքավորվեք սառը սուրճով կամ մի գավաթ հրաշալի գինի վայելեք Մարտինի Ռոյալում (Martini Royale), որը իտալական սրճարան է հրապարակում: Ամփոփեք օրը Դոլմամայում (Dolmama): Պուշկինի փողոցում գտնվող այս ջերմ ռեստորանը հնաոճ կտավ կարծես լինի: Այստեղ մատուցվում են ավանդական արևելահայկական ուտեստներ՝ դոլմայի գլխավորությամբ:

Հայաստանը հայտնի է իր խորովածով: Իսկ Երևանում այդ ուտեստը ճաշակելու լավագույն վայրը Պռոշյան (Պարոնյան) փողոցն է: Այս փողոցի երկայնքով ձգվում են խորոված համտեսելու համար հարմար շատ ռեստորաններ: Առաջարկվում է փորձել Ուրարտուն:

Խորհուրդ է տրվում երևանյան կեսօրն անցկացնել Կասկադում: Չարլզում (Charles) մատուցվում են և՛ հայկական, և՛ եվրոպական ուտեստներ, իսկ բացօթյա հատվածն իդեալական է գեղեցիկ երեկոներ անցկացնելու համար: Քիչ այն կողմ գտնվում է Մալոկո սրճարանը (Malocco Cafe), որն անփոխարինելի է նրանց համար, ովքեր ցանկանում են հարմարավետ միջավայրում մի բաժակ սուրճ կամ գինի խմել: Աղանդեր կարող եք ճաշակել Cascade Chocolateria-ում, որտեղ շոկոլադե ուտեստների ընտրության մեծ հնարավորություն կունենաք», - նշվում է National Geographic-ի հոդվածում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել