Image result for friday the 13thՓորձեմ մի փոքր ցրել հանրության շրջանում առկա ակտիվ քաղաքական քննարկումները և նախընտրական ինտրիգները. մի ակնթարթ մոռանանք սպասվող մրցապայքարն ու ռեյտինգային ցուցակները. ուղղակի նայենք օրացույցին:

Այսօր հունվարի 13-ն է: Օրը ուրբաթ: Գուցե ձեզ համար սա ոչինչ չի նշանակում, բայց այսօր 60 միլիոն սնահավատ ամերիկացի տնից դուրս չի գալիս: Ի տարբերություն ամերիկացիների՝ հայերն այսօր տնից դուրս են եկել, և իրենց առօրյան կազմակերպում են սովորականի պես` առանց ավելորդ լարվածության:

Ուրբաթ 13 միստիկ ուժի մասին կան մի քանի բացատրություններ։ Ավելի հայտնի տարբերակ է «Վերջին ընթրիքը», որին մասնակցել են 13 մարդ՝ Հիսուսը եւ իր 12 աշակերտները։ Տասներեքերորդը եղել է Հուդան։

Մյուս բացատրությունը հետևյալն է. վհուկների գաղտնի ժողովներում միշտ եղել են 13 մասնակից։ Սա ոչ միշտ է հավաստի համարվում, բայց մարդիկ իսկապես հավատացել են դրան։ Համարվում է, որ այդ օրը աշխարհի բոլոր գերեզմանապահ ոգիները, վհուկները եւ մյուսները հավաքվում են դիվային գիշերաժողովի։

Ուրբաթ 13-ը վատ օր է համարվում միջնադարյան տամփլիերների ջարդի պատճառով: 710 տարի առաջ իր գործունեությունը դադարեցրել է Եվրոպայի ամենահզոր և ամենահարուստ կազմակերպությունը՝ Տամփլիերների միաբանությունը։ Լեգենդի համաձայն` 1307 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-ը հրամայում է ձերբակալել տաճարականների միաբանության անդամներին: Նրանց աճող ազդեցությունն ու հարստությունը Վատիկանը դիտում էր որպես սպառնալիք: Ռազմատենչ վարդապետները կառուցում էին ճանապարհներ, վարում պատերազմներ, հովանավորում գոթական ոճով կառուցվող տաճարներ։ Բայց 1307թ-ին նրանք ինչպես առեղծվածային կերպով հայտնվել էին, այնպես էլ անցան պատմության գիրկը։ Նրանց բոլորին ձերբակալում, բանտ են նետում, իսկ հետո վառում ինկվիզիցիայի կրակներում։

Այս նախապաշարմունքի պատճառով է, որ ԱՄՆ-ում երբեք գոյություն չի ունեցել F-13 կործանիչը։ «Ֆորմուլա-1» ժամանակակից ավտոարշավներում չկան 13 թվով մեքենաներ, 12-ին անմիջապես հաջորդում է 14-ը։ Բացի այդ, ամերիկյան երկնաքերներից շատերը չունեն 13-րդ հարկ, հիվանդանոցներում չկա թիվ 13 հիվանդասենյակ, շատ ամերիկյան ավիաընկերությունների չվացուցակից հանված է 13 թիվը:

13 թվի և շաբաթվա 5-րդ օրվա աղետալի համադրմանը ամերիկացիները սկսեցին հավատալ դեպի լուսին թռչող «Ապոլոն-13» տիեզերանավի անհաջող փորձարկումից հետո: Տիեզերանավը մեկնարկեց ապրիլի 13-ին, ժամը 13:13-ին 39-րդ մեկնարկային հրապարակից (39-ը 3 անգամ 13-ն է):

Կա ևս մեկ նախապաշարմունք՝ կապված «ուրբաթ 13-ի» հետ. եթե մեկ սեղանի շուրջ հավաքվում է 13 մարդ, ապա նրանցից մեկը մեկ տարվա ընթացքում կմահանա։ Գոյություն է ունեցել նույնիսկ «14-րդ հյուրի» մասնագիտություն, ում հրավիրում էին հանդիպման՝ անհաջողակ թվից խուսափելու համար։ 13 թվի նկատմամբ տածվող վախը կոչվում է «տրիսկաիդեկաֆոբիա»։

Հ.գ. 1. Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը 13 թվի հետ կապված իր դիրքորոշումն ունի, մինչ օրս ապրում է թիվ 13 տանը, իր հարսանիքը նշել է ամսվա 13-րդ օրը և դեռ երբեք ճակատագրից չի բողոքել:

Հ.գ. 2. Շնորհավոր Հին նոր տարի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել