Картинки по запросу Հաց ԲերողԱմբողջությամբ դիտեցի «Հաց բերողի» հարցազրույցը ու կիսեմ տպավորություններս ոչ միայն հարցազրույցի, այլ նաև ամբողջությամբ «հաց բերելու» գործողության մասին...
Նախ՝ ասեմ, որպես գեղարվեստական գործ սա, իհարկե, երգի, գրականության, քանդակի, նկարչության ու, ինչու չէ, նաև պարի ոգեշնչման գործողություն էր, որը տարբեր ձևերով դեռ ապագայում կարտահայտվի:
Այժմ անիմաստ է խոսել նաև, թե արդյոք եկեղեցին պետք է տղաներին հաց հասցներ, թե որևէ բարեգործական ընկերություն կամ էլ իշխանությունները, որ իբր նրանց «գործառույթը» իր վրա էր վերցրել «հաց բերողը»:
Ինձ այստեղ ավելի իրավական կողմն է հետաքրքրում ու թե ինչ կարող էր լիներ հաց բերելու «օպերացիայի» չհաջողման դեպքում:
Նախ՝ հաց բերողին կարող էին լիկվիդացնել գունդը շրջափակած ոստիկանները, դրանով իսկ արյունահեղություն կսկսվեր ու այն կկրեր լայնամասշտաբ բնույթ, քանի որ իրավապահները նախապես չգիտեին՝ այդ մարդը հաց է բերում, թե, ենթադրենք, 1000 կիլոգրամ տրոտիլ: Այս գործողությունից հետո իշխանությունները կարող էին գնալ շտուրմի, ու կունենայինք տասնյակ զոհեր, ու իրավիճակը էլ ավելի կվատթարանար:
Հաջորդ տարբերակը․ հնարավոր էր՝ «հաց բերողին» սպանեին գունդը գրավողները՝ չիմանալով, որ նա «հաց բերողն» է, ու նրան դնելով շտուրմավիկի տեղ՝ դրանով իսկ որպես մարդասպան վատթարացնելով իրենց վիճակը և ցմահ դատապարտվելով:
Հաջորդ տարբերակն այն էր, որ այս քայլը կարող էր ոգեշնչել այլ «հաց բերողների», և նրանք էլ փորձեին գունդ իրենց ուզածը տանել, ու կրկին կստեղծվեր անկանխատեսելի իրավիճակ:
Բարեբախտաբար, այս ամենը չեղավ, ու հիմա կարող ենք «վայելել» այս գրական-գեղարվեստական նյութերը, նաև այն եզրակացությունը, թե ինչպիսի բարդակ վիճակում է գտնվում մեր իրավական համակարգը, որ հնարավոր եղավ մեկ անհատի կողմից այս ամենը իրականացնել, բայց խոսելով բարոյական կողմի մասին՝ ինձ հետաքրքիր է՝ որևէ մեկը այս Նոր տարուն «հաց տարե՞լ» է գնդում սպանված այն երեք ոստիկանի ընտանիքներին, ովքեր չհասկացան էլ՝ ինչի համար սպանվեցին...
Ընդամենը այսքան բան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել