Картинки по запросу վարչապետԽոսելով իր վարչապետության հարյուր օրվա մասին՝ Կարեն Կարապետյանն իր մամլո ասուլիսում շարունակեց իր որդեգրած ուղին, այն է՝ Հայաստանում ծառացած բազմաթիվ խնդիրների վերաբերյալ քաղաքական գնահատական տալուց խուսափել, կամ, որ ավելի ճիշտ է, մասամբ այդպիսի քայլ կատարելուց։ Առաջին հայացքից սա այնքան էլ ճիշտ քայլ չէ, որովհետև ի վերջո վարչապետը քաղաքական պաշտոն է, կառավարության ղեկավար, ուստի, եթե ոչ նա, էլ ո՞վ պետք է քաղաքական գործառույթ կատարի ու իր լոզունգները կառուցի հենց այդ տրամաբանությամբ։ Շատ հաճախ մեր հանրությունը, նույնիսկ լրագրողական ու քաղաքական շրջանակները մոռանում են, որ մեր երկրի մթնոլորտն ու ձևավորված կարծրատիպերը հաշվի առնելով՝ շատ հեշտ է իռացիոնալ ձևակերպումների վրա դառնալ մարգինալ ու կորցնել արդյունավետությունը։ Վաղ թե ուշ Կարապետյանն ընդգրկվելու է նաև ՀՀԿ քաղաքական շրջանակների ելումուտի մեջ, քանի որ այլ կերպ չի կարող ռեալիզացվել ու լծակներ ստանալ պրոցեսների վրա ազդելու ու որոշիչ գործոն դառնալու համար։ Սակայն դրա համար այս մարդուն ժամանակ է պետք, ու այդ ժամանակի մասին խոսելիս պետք է հստակ արձանագրենք, որ խոսքը չի գնում երկու կամ երեք ամիսների մասին։ Դա բարդ գործընթաց է։ Դիցուք՝ մոտենում են պառլամենտական ընտրություններն, ու շատ լավ առիթ է թե՛ քարոզարշավի ընթացքում ու թե՛ դրանից դուրս հասկանալու՝ ինչքանով է վարչապետը հասկանում ներկուսակցական ու քաղաքական կոնյուկտուրան։

Հստակեցնենք։ Սերժ Սարգսյանը թե՛ իր նախագահության ու թե՛ անգամ վարչապետական կառավարման ժամանակ ՀՀԿ քարոզարշավը անց է կացրել բացառապես միայնակ։ Այն էլ այն պարագայում, երբ հռետորական արվեստին, մեղմ ասած, վերջինս չի տիրապետում, ու քարոզներն ու հանրահավաքները իշխող ուժի մատուցմամբ շատ ավելի հիշեցնում էին կենտկոմի նիստի։ Մեկը խոսում էր, մնացածը ուզած-չուզած ծափահարում։ Այս անգամ կարծես թե իրավիճակ պիտի փոխվի։ ՀՀԿ-ին ռեաբիլիտացիա ու ռեստարտ է անհրաժեշտ։ Դա բոլորն են գիտակցում։ Ու չենք կարծում՝ այս անգամ Սարգսյանն ինքը մասնակցության ձևաչափ կդրսևորի քարոզարշավում՝ հնարավորություն տալով մնացած կուսակիցներին, նույն թվում և՝ վարչապետին, ռեալիզացվելու հասարակության աչքերում։ Սա էլ հենց կարելի է համարել վարչապետի առաջին թեսթը։ Հաջողելն ու անհրաժեշտ ձայների ապահովումը Կարապետյանին հնարավորություն կտան մեծացնելու իր դերը կուսակցության ներսում ու աստիճանաբար ձևավորվել նաև որպես քաղաքական ֆիգուր։ Կարծում ենք՝ այս ամենը շատ լավ հասկանում է նաև Կարապետյանը։ Եվ եթե հասկանում է, ապա լիովին կարելի է հասկանալ նրա դիրքորոշումն ու քաղաքական այս փուլում խոսափելը քաղաքական շեշտադրումներից, ինչքան էլ լրագրողները փորձեն նրան ոչ հաճելի հարցադրումներ անել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել