Սոխը հին ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ:

Սոխը բացում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օրգանիզմում` միզամուղի քարերի քայքայմանը:

Ռուսական հին դեղատոմսերի մեջ սոխն իր մեջ պարունակվող ֆիտոցիդների շնորհիվ հիշատակվում է որպես սնկային, վիրուսային եւ տարբեր բացիլներ ոչնչացնող միջոց:

Անգինայի, գրիպի, թոքերի թարախային պրոցեսների, նույնիսկ տուբերկուլյոզի դեպքում սոխով ինգալացիաներ են խորհուրդ տրվում: Մաքուր բաժակի մեջ 2 ճաշի գդալ մանր կտրատած սոխ լցրեք, 1 թեյի գդալ մեղրամոմ, ձագարով փակ բաժակը տեղադրեք եռացրած ջրով լի կաթսայի մեջ: Ձագարի ծայրը մոտեցրեք քթանցքին եւ 10 րոպե շնչեք: Պրոցեդուրան պետք է կրկնել օրը 3-4 անգամ:

Գրիպի դեպքում արդյունավետ է նաեւ այս դեղատոմսը. միջին մեծության սոխը մաքրեք, քերիչով անցկացրեք, վրան եռացրած կաթ լցրեք եւ 1 ճ/գ լորենու կամ այլ բնական մեղր: Բոլորը միասին խառնեք եւ թողեք 20 րոպե մնա տաք տեղում: Խառնուրդը երեկոյան, մաս-մաս` քնելուց առաջ եւ հաջորդ առավոտյան, տաք (անպայման) վիճակում խմեք: Կրկնեք մի քանի օր շարունակ:

Թարմ սոխը քերիչով անցկացրեք, վրան բնական մեղր ավելացրեք, թանզիֆե կտորի մեջ լցրեք եւ դրեք թարախակալված վերքերի ու խոցերի վրա:

Սոխով թրջոցները նաեւ օգնում են ականջի թարախակալված հիվանդությունների դեպքում:

Հնում բժիշկները թարմ սոխի հյութով բուժել են նաեւ բերանաբորբը` ստոմատիտը:

Մազարմատները ամրացնելու համար եւս հայտնի միջոց է համարվում սոխի հյութը: Թեփից ազատվելու համար սոխի կեղեւից պատրաստված լուծույթն է օգնում: 25 գրամ կեղեւը թրմեք 0,5 լիտր եռջրի մեջ, քամեք եւ դրանով լվացեք մազերը: Հիշեք, որ մազերը ոսկեգույն երանգ են ստանում կեղեւից:

Մկանային ձգումների դեպքում խորհուրդ է տրվում շատ մանր կտրատված սոխով եւ մեղրով պատրաստված զանգվածը փաթաթել վնասված հատվածին: Փաթաթանը օրը մեկ անգամ փոխեք:

Սկլերոտիկ տիպի հիպերտոնիկ հիվանդության եւ աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում հավասար քանակությամբ մեղրով եւ թարմ սոխի քերվածքով խյուսը օրական 3-4 անգամ 1 ճ/գ-ով ուտել: Թարմ սոխը նաեւ բարձրացնում է սեռական պոտենցիան:

Սոխը պայքարում է ցինգայի, չարորակ գոյացությունների դեմ: Օրգանիզմից հեռացնում է ճիճուները: 10 օր անընդմեջ օրական 15-20 գրամ թարմ սոխ ուտելով` լավագույնս կպայքարեք կլոր ճիճուների դեմ (աղիի կլոր, ինչպես նաեւ բարակ, 1սմ երկարությամբ անգույն ճիճուների):

Նաեւ կարող եք սոխով ջրային լուծույթ օգտագործել. միջին մեծության սոխի գլուխները մաքրել, վրան ջուր լցնել եւ 8-12 ժամ թողնել: Սոված ստամոքսին 1/2 բաժակով 3-4 օր խմել: Թարմ սոխը հակացուցված է լյարդի, երիկամների, սիրտ-անոթային որոշ հիվանդությունների դեպքում:

Ոտնաթաթի կրունկի վերեւի հատվածի` սրունքի եւ կրունկի արանքում գոյացած ոսկորը, որը հաճախ հանդիպում է հարթաթաթների մոտ, նույնպես կարելի է բուժել սոխի միջոցով: Ոտքը սկսում է շուտ հոգնել, այնուհետեւ բորբոքային պրոցես է սկսվում, ոսկրերը դեֆորմացվում են: Դա կարող է նաեւ ռեւմատիզմի, ռեւմատիկ արտրիտի, նյութափոխանակության խախտման, սուր եւ քրոնիկ ինֆեկցիաների հետեւանք լինել:

Գլուխ սոխը նման դեպքերում շատ օգտակար է: 1 գլուխ սոխը քերիչով անցկացնել, լցնել ցելոֆանե պարկի մեջ, ոտքը դնել դրա մեջ եւ տաք շորով փաթաթել: Ցանկալի է գիշերը անել, իսկ առավոտյան միայն չորացրեք ոտքը` առանց լվանալու: Կրկնեք 2-3 անգամ:

Գլուխ սոխի թարմ հյութը մեղրի հետ օգտակար է հազի, բրոնխիտի, աչքի բիբի վրայի սպիտակ հատի, միջատների կծոցների, կոշտուկների, գորտնուկների, սնկային հիվանդությունների, ինչպես նաեւ` ռեւմատիզմի, անքնության դեպքում:

Թարախային պարկիկների դեպքում 2 բաժին ջեռոցում եփած գլուխ սոխը 1 բաժին տնտեսական օճառի քերվածքի հետ խառնել-լավ տրորել եւ օրը մի քանի անգամ փաթաթել թարախակալված հատվածին: Նաեւ կարող եք եփած սոխն առանձին փաթաթել: Կլանում է թարախը:

Հազի դեպքում բադի յուղը եւ գլուխ սոխի քերվածքը խառնել, տրորել, ապա քսել կրծքավանդակին եւ պարանոցին: Տաք հագնվեք եւ առավոտյան սոված ստամոքսին 1 ճաշի գդալ դրանից ընդունեք: Մազարմատների ամրացման համար 1 բաժին կոնյակը, 4 բաժին սոխի քամած հյութը, 6 բաժին կռոթուկի (ՐպտպռվՌՍ) արմատների թուրմը խառնել, քսել մազարմատներին, 2 ժամ պահել տաք սրբիչով փաթաթած, ապա լվանալ: Ցանկալի է կրկնել շաբաթը 1 անգամ:

Ծնկի վնասվածքների-հարվածների դեպքում սոխի հյութ քսեք: Հեմորոյի եւ գաստրիտի դեպքում օրը 3-4 անգամ 1 ճաշի գդալ թարմ սոխի հյութ խմեք:

Դաշտանային սակավ ցիկլի դեպքում 1 կգ գլուխ սոխի կեղեւը վերցնել, վրան եռջուր ավելացնել, մարմանդ կրակի վրա 15-20 րոպե եռացնել, թողնել սառչի: Քամել եւ սոված ստամոքսին 1/2 բաժակով 2 շաբաթ անընդմեջ խմել:

Շաքարախտի դեպքում 2-3 մանր կտրատած սոխի գլուխների վրա 2 թեյի բաժակ եռջուր լցնել, 7-8 ժամ պահել, քամել եւ օրը 3 անգամ` ճաշելուց առաջ, 1 սուրճի բաժակով խմել:

Սոխի կեղեւով լուծույթները մաքրում են օրգանիզմը թունավոր նյութերից, լավ ներգործում են սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, կեղեւի մեջ պարունակվող ռուտինի շնորհիվ` ամրացնում են արյունատար համակարգերը:

Պատրաստման ձեւը հեշտ է: Սոխի գլուխները լվանալ, հեռացնել կեղեւները եւ վրան եռջուր լցնել: Քամել եւ խմել:

Դեղնաշագանակագույն լուծութը թեյի հետ կարող եք խմել: Հրաշալի վերականգնում եւ ամրացնում է անոթները:

Ուղեղի արյունալցման, հնարավոր ինսուլտի դեպքում պրոֆիլակտիկ միջոց է այս լուծույթը, որը հայտնի է հանրահայտ բժիշկ, բուսաբան Վալերի Տիշչենկոյի դեղատոմսերից: Նրա համոզմամբ՝ սոխի կեղեւներով լուծույթը վերականգնում է անոթները:

 

Կոշտուկների դեպքում ապակե տարայի մեջ կեղեւը լցրեք, վրան տնական խնձորի քացախ լցրեք: Թղթով փակեք տարայի բերանը, 2 շաբաթ պահեք սենյակային ջերմաստիճանում: Հանել կեղեւը, թողնել չորանա, եւ քացախը թափել:

Չորացած կեղեւը դրեք կոշտուկի վրա, իսկ շուրջը` մաշկը խոնավացրեք վազելինով: Գիշերը թողեք կոշտուկի վրա, իսկ առավոտյան ոտքին կպած կեղեւը թրջոցով խոնավացրեք-հեռացրեք եւ կոշտուկը զգուշորեն քերեք:

Անհրաժեշտության դեպքում կրկնեք պրոցեդուրան:

Առողջ եղեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել