Картинки по запросу ընտրություններԱռաջիկա ընտրությունների ընդառաջ մի քանի քաղաքական դիտարկում այս անգամ լիդերության պրիզմայից:

Յուրաքանչյուր լիդերի հատուկ են իր սեփական ղեկավարման մեթոդները, զանգվածների վրա ազդելու, դրված նպատակներին հասնելու միջոցները և այլն: Քաղաքական լիդերությունն առաջնորդության ամենաբարձր ձևն է: Դրա առանձնահատուկ բնույթը տարբեր է բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում:

Քաղաքական լիդերն անհատ է, ով որոշակի թվով մարդկանց վրա իշխանություն ունի, հմուտ է այն քաղաքական գործունեության մեջ, որի կատարումը նա պետք է կառավարի, ունի ծրագրեր մշակելու, վճիռներ կայացնելու, այն իրագործելու զարգացած ընդունակություն և այնպիսի անձնային հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կառավարելու համար:

Գոյություն ունեն բազմաթիվ անձնական տարբեր տիպի կարիքներ, որոնք այս կամ այն կերպ կապված են լիդերի քաղաքական գործունեության հետ: Սակայն տարբեր դպրոցների գիտնականների կողմից անցկացված հետազոտություններում առանձնացվել են մի քանի հիմնական կարիքներ, որոնք պայմանավորում են լիդերի քաղաքական վարքը` իշխանության ցանկությունը, իրադարձությունների և մարդկանց վրա վերահսկողության ցանկությունը, ձեռքբերման ցանկությունը, ինչ-որ խմբին պատկանելու և նրանից հավանություն ստանալու ցանկությունը:

Պետք է նկատել, որ լիդերների մեծ մասը աչքի են ընկնում առաջադիմական գաղափարներներով: Ըստ էության՝ լիդերի համոզմունքներն ու իդեալներն իրենց ամբողջությամբ կարող են տարբեր լինել, սակայն դրանք միշտ առանձնանում են իրենց որոշակի նորարարությամբ, առաջադեմ լինելով, իրատեսությամբ և արդիականությամբ:

Լիդերը մարդ է, ով էներգիա է ստեղծում ու վարակում դրանով մյուսներին: Շատերը կարծում են, որ էներգիան ընտրյալներին ի ծնե տրվող հատկանիշ է: Ըստ իս՝ մարդու մեջ էներգիայի առկայությունն իր իսկ ընտրությունն ու պատասխանատվությունն է: Էներգիան չի խաբում: Լիդերի հիմնական առանձնահատկություններից մեկը մարդկանց ոգեշնչելն է ու մեծ գործերին մոտիվացնելը: Ոգեշնչելու ու ոգեշնչվելու ունակությունը նոր արդյունքների ու զարգացման կարևորագույն շարժիչ ուժն է:

Ցանկացած ավտորիտար ռեժիմ հիմնականում հիմնվում է պոպուլիզմի վրա և հասարակությանը սնուցում դրանով, որն իր հերթին երկարաժամկետ տեսանկյունից կանգնում է քանդվելու առաջ, քանի որ իրական զարգացում չեն կարողանում ապահովել հանրության համար: Նման դեպքերում լիդերակենտրոն ռեժիմ է ստեղծվում, և լիդերի հեռանալուց հետո համակարգը կանգնում է ճգնաժամի առաջ:

Ներկայումս ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում որոշակի լիդերների պակաս է նկատվում, խոսքը նաև ըստ տարիքային ցենզի լիդերության մասին է, երբ առավել երիտասարդ սեկտորի մոտ առկա է որոշակի լճացում: Հետխորհրդային երկրներում ակնհայտ առկա է այդ ճգնաժամը, քանի որ գործող համակարգերում հիմնական խաղացողները 50-ից բարձր տարիք ունեցող անձինք են կամ այլ կերպ ասած՝ «սովետական շկոլայի» վերջին մոհիկանները: Առավել երիտասարդ սերնդի մոտ առկա լճացումն իր հերթին մեխանիկորեն առաջացնում է համակարգային խնդիրներ, այդ թվում՝ գործող ռեժիմներին այլընտրանքներ ստեղծելու գործընթացում:

Նախընտրական գործընթացին ընդառաջ կարող ենք փաստել, որ հենց այս իրավիճակներում է, որ հանրությունը զգում է լիդերի կարիք և նրանից որոշակի կախվածություն ստանում: Լիդեր՝ մի քաղաքական գործիչ, հռետոր, ում ասածն ասած է, իմաստուն, խելացի, արմատական: Ցավալի է, բայց չկա այսօր այդ լիդերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել