Image may contain: 3 people, people sitting

Արդեն չեմ հիշում, թե ում մոտ, բայց մի սենց հետաքրքիր դրվագ եմ կարդացել․ մեկը հայտնվում է դրախտում, ու նրա համար էքսկուրսիա են կազմակերպում։ Պարզվում է, որ դրախտում ամեն մասնագիտություն/գործունեություն իր տունն ունի, ու այնտեղ այդ մասնագիտության ներկայացուցիչները զբաղեցնում են տեղերը ըստ հիերարխայի՝ կախված իրենց տաղանդից ու շնորհաշատությունից։ Ի զարմանս մարդու՝ նա հայտնաբերում է, որ զորավարների տանը Մակեդոնացին անգամ առաջին տասնյակում չէ, գրողների մոտ Շեքսպիրն է վերջին տեղերում, կոմպոզիտորների մոտ Բեթհովենն է եսիմ որ տասնյակում։ Իսկ առաջին հորիզոնականներում ինչ-որ բացարձակ անհայտ կերպարներ են։ Նրա զարմացած հարցին պատասխանում են հետևյալը։ Լավագույն զորավարը հայտնի չէ, որովհետև նա չի ունեցել բանակ, բայց եթե ունենար, ամբողջ աշխարհը կնվաճեր, լավագույն գրողը հայտնի չէ, որովհետև այդպես էլ գրել չի սովորել ու տառաճանաչ չի եղել, բայց եթե իմանար, ապա կմթագներ բոլոր գրողներին իր տաղանդով, լավագույն կոմպոզիտորը հայտնի չէ, որովհետև երբեք նոտաներ չի իմացել, և այսպես շարունակ․․․

Առակս ալեգորիկ կերպով ի ցույց է դնում մի երևույթ, որը հոգեբանները ուսումնասիրում են, երբ ուսանում են բիհեվիորիզմը՝ վարքաբանությունը։ Շատ չխորանալով զուտ գիտական մանրամասների մեջ՝ նշեմ միայն, որ վարքաբանության մեջ երկու մրցակցող ճամբարներ կան, որոնցից մեկը պնդում է, որ մարդու վարքը պայմանավորված է բնածին նախադրյալներով (բիոգենետիկներ), իսկ մյուս մասը՝ կյանքի ընթացքում մարդու սոցիալիզացիայով (սոցիոգենետիկներ)։

Այս տարվա առաջին համաֆեյսբուքյան առճակատումը, որը շարունակվում է առ այսօր, կապված էր սևամորթ տղամարդու և հայ կնոջ ընտանեկան լուսանկարի հետ, բայց վաղուց արդեն դուրս է եկել զուտ այդ լուսանկարի շրջանակներից։ Արդեն իրար են տալիս «հայու գեն»-ին ծաղրողներն ու պաշտպանողները, էկզոգամիայի (այլ ազգերի հետ ամուսնություն) կողմնակիցներն ու հակառակորդները, ռասիստներն ու նացիստները, պահպանողականներն ու լիբերալները, նժդեհականներն ու Սորոսի ամենախայտաբղետ ֆոնդերի ադեպտները։ Այս մասին գրել են շատերը, չեմ պատրաստվում խորանալ տարբեր բանավեճերի նյուանսների մեջ։ Պարզապես անհանգստացնող մի տենդենց եմ նկատում․ երկու հակադիր բևեռներ են գերիշխում, որոնցից մեկը բացահայտ ծանակում է հայկական գեն ասվածն առհասարակ, իսկ մյուս բևեռը ոչ պակաս ծայրահեղականությամբ ու նացիստական Անեներբեյի լաբորատորիաների եվգենիկայի վարչության պետի մոլուցքով իզմի է հասցնում այդ հասկացությունը։

Հիմա մի պահ հանգիստ թողնենք թե՛ տվյալ ընտանիքը, թե՛ բանավիճողներին ու անդրադառնանք զուտ գիտական հասկացությունների։ Իրականում բավականին քիչ բաներ կան, որ պայմանավորված են զուտ գեներով ու միմիայն դրանցով։ Դրանք են՝ մեր արտաքին տեսքի դետալները (աչքերի գույն, դիմագծեր և այլն), գենետիկ հիշողությունը, ժառանգական հիվանդություններն ու մուտացիաները և այլն։ Մնացած բոլոր դեպքերում գեները զուտ հնարավորություններ ու ռիսկեր ստեղծող գործոն են, և հայկական գենը այս առումով բացառություն չէ։

Մարդը լավ կամ վատ մարդ լինում է ոչ թե իր գենի, այլ իր սոցիալիզացիայի ու ներքին որակների հաշվին։ Կան հրաշալի մարդիկ, ովքեր ունեն հայկական գեն և ովքեր իսպառ զուրկ են դրանից։ Միևնույն ժամանակ կան եզակի տականքներ, ովքեր հայ չեն, և նրանք, ովքեր յոթը պորտով հայ են։

Մարդը լինում է հաջողակ կամ անհաջողակ ոչ այնքան իր գենի, որքան աշխատասիրության ու մի քիչ էլ ֆորտունայի հաշվին։ Այդ մասին էր նաև սկզբի առակը։ Ի վերջո յուրաքանչյուրս իր շրջապատում կգտնի մեկին, որ ի հեճուկս իր բնածին տաղանդների՝ ոչ այնքան նախանձելի կենսապայմաններում է, որովհետև թամբալ է կամ էլ անբախտ, և ընդհակառակը՝ կան մարդիկ, ովքեր, բավականին միջին բնածին (գենետիկ) հատկություններ ունենալով, հասել են միջինից բարձր հաջողությունների՝ շնորհիվ աշխատասիրության ու/կամ բախտի։

Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, բայց ասելիքս այլ է։ Ողջամիտ ու ադեկվատ մարդկանց համար, կարծում եմ, հավասարապես ծիծաղելի, եթե ոչ զազրելի են նրանք, ովքեր, լինելով հայ, ծաղրում ու ծանակում են դրա հետ կապված ամեն ինչ, և նրանք, ովքեր ընդհակառակը՝ ֆետիշի առարկա են դարձնում դա։ Ի վերջո մեզանից ոչ մեկ չի ընտրել, թե ինչ գենի կրող լինի, ու դեռ չեմ ճանաչում որևէ մեկին, որ զուտ իր գենով կամ էլ գենի մասին անիմաստ հիացմունքով ինչ-որ շոշափելի բանի հասնի։ Ի դեպ՝ սեփական անցյալն ու պատկանելությունն ատող և ուրացող մարդ էլ չեմ տեսել, որին կարելի կլիներ նախանձել:

Լավ մարդ, գրագետ մասնագետ, ողջամիտ քաղաքացի, սիրող ծնող ու նվիրված ընկեր լինելու համար գեները առանձնապես չեն խանգարում, բայց երևելի օգուտ էլ չեն տալիս։ Ֆիքսե՛նք սա ու Մարդ լինենք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել