Картинки по запросу սեպուհ չուլջյանԳուգարաց թեմի առաջնորդի՝ Սուրբ ծննդի օրը արած հայտարարությունը բազմաթիվ արձագանքների առիթ տվեց և կարծես թե դառնում է հետտոնական տրամադրությունների ամենագլխավոր թեման։ Ի՞նչ էր ընկած սրա հիմքում։ Սրբազանը, ըստ էության, պատարագը պրոյեկտել էր քաղաքական դասախոսության հետ և չզլացավ իր «սրտի խոսքն» ասել Վանաձորի ընդդիմադիր ավագանու անդամներին, ովքեր ներկա էին մատուցվող պատարագին, ու հորդորեց նրանց ներկա գտնվել ավագանու նիստերին ու չբոյկոտել։ Սրբազանը դիվանագիտական մոտեցում ցուցաբերեց ու անուններ այդ պարագայում չտվեց, սակայն ինչպես ասում են, պարզ է, թե ինչ նկատի ուներ։ Սա էլ իր հերթին առաջացրել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների դժգոհությունը, որոնք իրենց մամլո ասուլիսներում ու հարցազրույցներում հայտնում էին իրենց խորը դժգոհությունը առ այն, որ եկեղեցին ու հոգևորականը իրավունք չունեն խառնվելու քաղաքական հարցերին, մանավանդ եթե դրանք իրենց մեջ չեն պարունակում օբյեկտիվ մտահոգություններ։
Եվ իսկապես կարելի է հասկանալ այդ մարդկանց դժգոհությունը։ Նախ սկսենք նրանից, որ Գուգարաց թեմի առաջնորդն, իհարկե, կարող է կարծիք հայտնել, սակայն այդ կարծիքը, քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը պետք է ունենան կոնկրետ արտահայտման ձև ու տեղ։ Չի կարելի Սուրբ ծննդի օրով վերցնել և այսպես ասած՝ քաղաքական ագիտացիաներ անել հենց եկեղեցում այն դեպքում, երբ արարողությանը ներկա են թե՛ ԼՀ-ի ու թե՛ ՀՀԿ-ի ներկայացուցիչները։ Սա առաջին։ Երկրորդ՝ Սրբազանը պետք է հասկանա, որ գոյություն ունի քաղաքական օրակարգ, իսկ այդ քաղաքական օրակարգի մեջ ընդդիմությունն ընտրել է կոնկրետ գործելաոճ, այն է՝ բոյկոտի տեսքով պարալիզացնել քաղաքապետարանի աշխատանքը։ Քաղաքապետը չի կարողանում ավագանու նիստեր գումարել, իսկ երրորդ նման պարագայում արդեն ընդդիմությունը կարող է դիմել Կառավարությանը՝ պահանջելով լուծարել քաղաքի ավագանուն։ Այլ կերպ ասած՝ ԼՀ-ն կոնկրետ նպատակ ունի և հետևողականորեն գնում է այդ նպատակի իրագործմանը։ Այլ հարց է, թե ինչքանով դա նրանք կհաջողեն։ Հետևաբար, որպես սրբազան ու հոգևոր հայր՝ Չուլջյանը պարտավոր է հաշվի առնել նաև այն 10.000 ընտրողներին, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը, ու Վանաձորի համար դա բնավ քիչ թիվ չէ։
Ինչևէ, միջադեպը իսկապես տհաճ է ու այն ևս մեկ աստիճանով խորացրեց հասարակության ու եկեղեցու միջև վերջին տարիներին ձևավորված անջրպետը։ Քաղաքականությունը եկեղեցու գործառույթների մեջ չի մտնում, ու լավ կլիներ, որ սա լիներ վերջին դեպքը, երբ բավականին մեծ կշիռ ունեցող հոգևորականը քաղաքական դասեր է փորձում տալ ընդդիմության ներկայացուցիչներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել