– Ալո, սա գտածոների բյուրո՞ն է,- հարցնում է մանկական ձայնը:

– Այո, փոքրիկ: Դու ինչ-որ բա՞ն ես կորցրել:

– Ես մորս եմ կորցրել: Նա պատահաբար Ձեզ մոտ չէ՞:

– Ասա՛, խնդրում եմ, ինչպիսի՞ն է քո մայրիկը:

– Նա շատ գեղեցիկ և բարի է: Նաև նա կատուներ է սիրում:

– Մենք քեզ համար լավ լուրեր ունենք: Հենց երեկ մենք մի մայրիկ ենք գտել, հնարավոր է՝ քոնն է: Իսկ որտեղի՞ց ես զանգում:

– №3 մանկատնից:

– Լավ, մենք շուտով քո մայրիկին կուղարկենք քեզ մոտ մանկատուն: Սպասիր:

– Եվ ահա նա մտնում է սենյակ՝ ամենագեղեցիկն ու բարին, իսկ ձեռքերին իսկական կենդանի կատու է մռլտում:

– Մայրի՛կ,- ուրախ բացականչում է փոքրիկը և նետվում նրա գիրկը: Տղան նրան այնքան ուժեղ է գրկում, որ նրա շունչը կտրվում է:- Իմ մայրիկ:

Image result

… Արտյոմկան արթնացավ սեփական գոռոցից: Այդպիսի երազներ նա տեսնում էր գրեթե ամեն գիշեր: Նա բարձի տակից հանեց աղջկա լուսանկար: Այդ լուսանկարը նա գտել էր մեկ տարի առաջ փողոցում զբոսնելիս: Հիմա նա այն խնամքով պահում էր իր բարձի տակ: Նա համոզված է, որ դա իր մայրիկն է: Մթության մեջ Արտյոմը երկար նայում էր նրա նուրբ դեմքին և աննկատ քնում:

Առավոտյան մանկատան կառավարիչը՝ Անգելինա Իվանովնան, ավանդաբար անցնում էր սաների սենյակներով՝ բոլորին բարի առավոտ մաղթելու և շոյելու համար: Արտյոմկայի մահճակալի մոտ նա նկատում է լուսանկարը, որը գիշերը ընկել էր նրա ձեռքից: Անգելինա Իվանովնան վերցնում է լուսանկարն ու տղային հարցնում.

– Արտյոմուշկա, իսկ որտեղի՞ց է քեզ մոտ այս լուսանկարը:

– Ես այն փողոցում եմ գտել:

– Իսկ սա ո՞վ է:

– Սա իմ մայրիկն է,- ժպտում է փոքրիկը և հավելում, որ նա ամենագեղեցիկն ու բարին է, նաև նա կատուներ է սիրում:

Կառավարիչը մտքերի մեջ է ընկնում: Բանն այն է, որ նա անմիջապես ճանաչեց լուսանկարի աղջկան: Նա առաջին անգամ մանկատուն է գնացել անցած տարի կամավոր ընկերների հետ:

Երևի այդ ժամանակ էլ այնտեղ կոցրել է լուսանկարը: Այդ ժամանակվանից ի վեր այդ աղջիկը շատ ջանք է գործադրել երեխայի որդեգրման թույլտվություն ստանալու համար: Բայց ըստ բյուրոկրատների՝ նա զգալի թերություն ունի՝ ամուսնացած չէ:

– Դե ինչ,- ասում է Անգելինա Իվանովնան,- եթե նա քո մայրիկն է, դա արմատապես փոխում է հարցը…

Մտնելով իր կաբինետ՝ նա նստում է սեղանի մոտ ու սկսում սպասել: Մոտ կես ժամ անց դուռը թակում են.

– Ձեզ մոտ կարելի՞ է, Անգելինա Իվանովնա:

Աշխատասենյակ էր մտել լուսանկարի այն աղջիկը:

– Այո, իհարկե, մտեք, Ալինոչկա:

Աղջիկը մտնում է աշխատասենյակ և կառավարչի առաջ դնում փաստաթղթերի հաստ թղթապանակ:

– Ահա,- ասում է նա,- ես վերջապես ամեն ինչ հավաքել եմ:

– Լավ, Ալինոչկա: Ես պետք է Ձեզ ևս մի քանի հարց տամ: Այսպես սահմանված է, հասկանում եք… Դուք գիտակցո՞ւմ եք՝ ինչ պատասխանատվություն կա հիմա Ձեզ վրա: Չէ՞ որ երեխան ամբողջ կյանքի համար է:

– Ես ամեն ինչ գիտակցում եմ,- անմիջապես ասում է Ալինան:- Հասկանում եք, ես պարզապես չեմ կարող հանգիստ ապրել՝ իմանալով, որ ինչ-որ մեկին շատ պետք եմ, բայց մենք միասին չենք:

– Լավ,- համաձայնվում է կառավարիչը:- Իսկ ե՞րբ ես ուզում տեսնել երեխաներին:

– Ես չեմ տեսնի, Անգելինա Իվանովնա: Ես կվերցնեմ առաջին երեխային, որին Դուք կբերեք,- ասում է Ալինան՝ վստահ նայելով կառավարչի աչքերին:

Անգելինա Իվանովնան բավական զարմացած էր:

– Ես ուզում եմ, որ ամեն ինչ տեղի ունենա ինչպես իսկական ծնողների դեպքում,- հուզված սկսում է բացատրել Ալինան,- չէ՞ որ մայրերը չեն ընտրում իրենց երեխաներին… Նրանք չգիտեն՝ նա ինչպիսին կծնվի… գեղեցիկ, թե ոչ գեղեցիկ, առողջ, թե հիվանդ… Եվ ես էլ ուզում եմ իսկական մայր լինել:

– Գիտեք, Ալինա, ես առաջին անգամ եմ տեսնում այսպիսի որդեգրողի,- ժպտում է Անգելինա Իվանովնան: Բայց արդեն գիտեմ՝ ում մայրը կդառնաք Դուք: Նրա անունը Արտյոմ է, նա 5 տարեկան է, հարազատ մայրը նրանից հրաժարվել է ծննդատանը: Ես կարող եմ հիմա բերել նրան, եթե Դուք պատրաստ եք:

– Այո, ես պատրաստ եմ, ցույց տվեք ինձ իմ որդուն:

Կառավարիչը գնում է և շուտով վերադառնում՝ փոքրիկ տղայի ձեռքը բռնած:

– Արտյոմկա,- սկսում է Անգելինա Իվանովնան,- ծանոթացիր, նա…

– Մայրի՛կ,- բացականչում է Արտյոմը և նետվում Ալինայի գիրկը ու նրան այնպես գրկում, որ նրա շունչը կտրվում է:- Իմ մայրիկ:

Ալինան շոյում էր նրա գզգզված մազերն ու շշնջում.

– Իմ տղա, տղաս… Ես հիմա քեզ հետ եմ…

Նա աչքերը բարձրացնոմ է կառավարչի վրա և հարցնում.

– Իսկ ե՞րբ կարող եմ տանել տղայիս:

– Մեզ մոտ սովորաբար ծնողներն ու երեխաներն աստիճանաբար են ընտելանում իրար: Շփվում են սկզբում այստեղ, իսկ հետո տանում են հանգստյան օրերին, ու եթե ամեն ինչ կարգին է, ընդմիշտ տանում են:

– Ես անմիջապես կտանեմ Արտյոմին,- հաստատապես ասում է Ալինան:

– Լավ,- ձեռքը շարժում է կառավարիչը,- միևնույն է, վաղը հանգստյան օր է: Իսկ երկուշաբթի կգաք, և մենք կձևակերպենք բոլոր փաստաթղթերը:

Արտյոմը երջանկությունից փայլում է: Նա բռնել է մոր ձեռքից ու վախենում է բաց թողնել նրան նույնիսկ մեկ վայրկյանով:

Երբ Արտյոմն ու մայրը դուրս են գալիս մանկատնից, հեռանում, փոքրիկը վերջապես մորը կարևոր հարցը տալիս է.

– Մայրի՛կ… իսկ դու կատուներ սիրո՞ւմ ես:

– Պաշտում եմ: Ես ու դու տանը երկու կատու ունենք,- ծիծաղում է Ալինան՝ ձեռքի մեջ սեղմելով փոքրիկ ափը:

Արտյոմը երջանիկ ժպտում է և քայլելիս թռչկոտելով՝ շտապում մոր հետևից:

Անգելինա Իվանովնան պատուհանից նայում էր հեռացող Ալինայի և Արտյոմին: Իսկ երբ նրանք անցան մոտակա անկյան հետևը, նստում է աշխատասեղանի մոտ և համար հավաքում.

– Ալո, սա Երկնային գրասենյա՞կն է: Հայտ ընդունեք, խնդրեմ: Հաճախորդի անունը՝ Ալինա Սմիրնովա: Վաստակի կարգը՝ ամենաբարձր՝ երջանկություն է պարգևել երեխայի… Ուղարկեք ամենը, ինչ նախատեսվում է նման դեպքերում՝ հսկայական երջանկություն, փոխադարձ սեր, հաջողություն ամեն ինչում… Եվ, բնականաբար, իդեալական տղամարդու, նա դեռ ամուսնացած չէ… Այո, ես հասկանում եմ, որ պակաս կա, բայց Դուք ախր հասկանու՞մ եք, խոսքը բացառիկ դեպքի մասին է: Նաև անսպառ դրամական հոսքի մասին մի մոռացեք, չէ՞ որ փոքրիկը պետք է լավ սնվի… Արդեն ամեն ինչ ուղարկվա՞ծ է: Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել