Похожее изображениеՀԱՊԿ–ը մինչեւ հիմա ոչ մի կերպ չի արձագանքել Հայաստանի սահմանին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիային։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Հայկական կողմն ունի 3 զոհ։

Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնեթդինովը, լսելով հարցը, սկզբում փորձեց համոզել, որ հարցի (թե տեղյակ է արդյոք ՀԱՊԿ–ը միջադեպի մասին) հասցեատերը ՀՀ ազգային մարմիններն են։ Հետո Զեյնեթդինովը «հանկարծ» հիշեց, որ հիվանդ է եւ «բյուլետենի մեջ է» եւ մոտ ժամանակներս ոչ մի կերպ չի կարող ճշտել, թե ՀԱՊԿ–ը միջադեպի մասին տեղեկություն ստացել է, թե ոչ։

Պարզաբանող հարցին, թե այդ դեպքում ում է պետք դիմել, ՀԱՊԿ մամուլի քարտուղարը պատասխանեց, որ «ձեռքի տակ տեղեկատու» չունի եւ խնդրեց մի ժամից զանգել։ Դրանից հետո նա հեռախոսազանգերին այլեւս չպատասխանեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել