Image result for ընտրություններԱռաջիկա ընտրություններին, ըստ էության, մնացել է բավականին սակավ ժամանակ, այդ ընթացքում քաղաքական դաշտում ընթանում են բավականին լուրջ նախապատրաստական աշխատանքներ. քաղաքական ուժերը վերանայում են իրենց «զինանոցները», փորձում ճիշտ դիրքավորվել նախընտրական սեզոնին ընդառաջ: Խոսելով նախընտրական կամպանիայի մասին՝ առաջնային պլանում պատկերացնում ենք քաղաքական լիդերներին ու քաղաքական ուժերի ղեկավարներին:

Նախընտրական գործընթացում առաջնային նշանակություն ունի ժողովրդական զանգվածների հետ շփվելու փաստը, առավել կարևոր է հանդիպումների ճիշտ թիրախավորումն ու ժամանակացույցի կազմակերպումը, թե ինչ հերթականությամբ են տեղի ունենալու հանդիպումներն՝ ըստ համայնքների:

Գաղտնիք չէ, որ քաղաքական գործիչները, առավել ևս՝ երկրների առաջնորդներն իրենց ոչ վերբալ պահվածքը հղկելու համար դասընթացներ են անցնում՝ ինչպես քայլել, ինչպես բարևել, ժպտալ, հուզվել, վստահելի երևալ և այլն։ Դրանք բոլորը հնարավոր է ճիշտ կիրառել և իբրև հռետոր հասնել հաջողության՝ ձևավորելով ցանկալի իմիջ։ Սակայն փորձառու աչքից դա չի վրիպում, երբ մարմինը փորձում է կեղծել այն էմոցիան, որն իրապես այդ պահին չի զգում, առաջանում է որոշակի անհամապատասխանություն, և դիսոնանսային պահվածք խորհրդանշող ժեստերը, առաջին հայացքից դժվարությամբ ընկալվող միկրոժեստերը, կամ, ասենք, ձայնի թեթև տատանումները, հանգստացնող ազդակները մատնում են նույնիսկ ամենահմուտ հռետորին։ Նույնիսկ եթե էկրանից ենք հետևում քաղաքական գործիչների գործունեությանը, շատ կարևոր է նրանց ժեստիկուլիացիան:

Շատերիս համար երևի ցավոք, իսկ քաղաքական գործիչների համար՝ բարեբախտաբար, ժեստերը տարբերակելու և դրանք ճիշտ հասկանալու հարց մարդկանց մոտ չի առաջանում, քանի որ մենք չունենք այն գիտելիքներն ու փորձառությունը, ինչպես նաև՝ ոչ վերբալ հաղորդակցության հանդեպ այն վստահությունը, որը թույլ կտա չմոլորվել ինֆորմացիայի անվերջանալի հոսքում։

Հաճախ քաղաքական գործիչների կողմից կիրառվող ժեստերը շատերի համար անհասկանալի են թվում և երբեմն նյարդայնացնող: Իրականում քաղաքական գործչի կողմից կիրառվող ցանկացած ժեստ ունի իր դերն ու նշանակությունը: Սակայն այստեղ չի կարելի տարանջատել նաև հագուստը, քանի որ այն ևս կարևոր դերակատարում ունի քաղաքական հանդիպումների ժամանակ:

Իմիջն անգլերեն նշանակում է կերպար։ Ընդ որում՝ այդ հասկացության տակ նկատի է առնվում ոչ միայն վիզուալ, տեսողական կերպարը (արտաքին), այլ նաև մտածողության, գործողությունների, արարքների կերպարը: Քաղաքական իմիջի բաղադրիչներից է վիզուալ՝ տեսողական իմիջը, որն իր հերթին բաղկացած է հաբիտար իմիջից (արտաքին տեսք), միջավայրային իմիջից, կինետիկ իմիջից (ժեստեր)։

Քաղաքական իրադարձությունները հաճախ են վերլուծում` ուշադրություն դարձնելով քաղաքական գործիչների տեսողական իմիջին՝ նրանց հագուկապին, ժեստերին։

Վերջում հավելեմ, որ քաղաքական գործիչները մարզում են ոչ միայն իրենց խոսքը, այլ նաև ժեստերը։ Սակայն ի տարբերություն առաջին դեպքի՝ սեփական ժեստերը կառավարելն ավելի բարդ է և հաճախ է մատնում քաղաքական գործիչներին վճռական պահերին։ Միաժամանակ այն օգնում է հմուտ քաղաքական գործիչներին ճիշտ վերլուծել զրուցակցի դիրքորոշումն ու մտադրությունները և գործել ըստ այդմ։

Թե առաջիկայում ինչ նախընտրական զարգացումների և քարոզարշավի ականատես կլինենք, պարզ կլինի շուտով, մնում է հուսալ, որ հայրենի քաղաքական գործիչները հանրությանը կներկայանան լուրջ նախապատրաստված թիմով և հստակ պլանավորված նախընտրական կամպանիա կանցկացնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել