Տոնական ճաշատեսակներ պատրաստելու կանոններ. ԱՆBarometer.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է տոնական ճաշատեսակներ պատրաստելու կանոններ, որոնք ներկայացնում ենք ստորև.

Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:

Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է զատել այլ սննդամթերքից: Եթե աշխատում եք հում մթերքի հետ, անհրաժեշտ է օգտագործել առանձին պարագաներ և պիտույքներ, օրինակ` դանակներ, մասնատման տախտակներ և այլն: 

Պետք է ուշադիր լինել, որ գնումների ժամանակ հում միսը, թռչնամիսը և ծովամթերքն առանձին դրվեն այլ սննդամթերքից: Սառնարանում հում և պատրաստի սննդամթերքի շփումը կանխելու համար պետք է դրանք պահել փակ տարաներում՝ հումը տեղադրելով պատրաստի կամ ջերմային մշակում անցած մթերքից ներքև: 

Սնունդ պատրաստելիս պետք է այն ենթարկել մանրազնին ջերմային մշակման: Նշենք, որ վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած: Հարկավոր է մշտապես հետևել, որ կերակուրը լինի լավ եփած կամ տապակած: Պատրաստի կերակուրը պետք է տաքացնել հանգամանորեն։

Պատրաստի մթերքը չի կարելի սենյակային ջերմաստիճանում պահել 2 ժամից ավելի: Աարագ փչացող և պատրաստի բոլոր մթերքները պետք է պահել սառնարանում 72 ժամից ոչ ավելի, իսկ մսային աղցանները և կերակրատեսակները` ոչ ավելի, քան 48 ժամ: 

Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի: Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում: 

Մթերքը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և պիտանիության ժամկետին՝ հատկապես շուտ փչացող մթերքի դեպքում: 

Խորհուրդ է տրվում ընտրել թարմ, չվնասված մթերք: Նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած՝ գործարանային մթերքին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն: 

Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ պետք է մանրազնին լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով: 

Չի կարելի օգտագործել ժամկետանց մթերք: 

Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց կամ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է այն եռացնել 15-20 րոպե:

Եթե կասկած կա ջրի անվտանգության վերաբերյալ, ապա օգտագործելուց առաջ անհրաժեշտ է այն եռացնել: 

Խորհուրդ չի տրվում գնել և սննդում օգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

Եթե վատ եք զգում, հատկապես, եթե առկա է սրտխառնոց, ցավ որովայնի շրջանում, մարսողության խանգարում և այլն, պետք է զերծ մնալ ընտանիքի և հյուրերի համար սնունդ պատրաստեուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել