Image result for ՑրտահարումԱյս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա: Երբ ջերմաչափը ցույց է տալիս 0-ից ցածր ջերմաստիճան, արձանագրվում են հիպեթերմիայի, իսկ առավել բարդ դեպքերում՝ ցրտահարության դեպքեր:

Առողջապահության նախարարությունից մանրամասնում են՝ հիպոթերմիան մարմնի ընդհանուր սառեցումն է, որը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով։ Ավելի հաճախ մարմնի ընդհանուր սառեցում տեղի է ունենում սառը ջրի մեջ սուզվելու, խոնավ հագուստով սառը պայմաններում գտնվելու պատճառով։ Մարմնի ընդհանուր սառեցման ավելի հակված են տարեց մարդիկ և փոքր երեխաները։

Հիպոթերմիայի առաջին նշանները երեխաների և տարեցների պարագայում տարբեր են: Տարեցների մոտ նկատվում են դող, հյուծվածություն, հիշողության մթագնում, քնկոտություն, խոսքի դժվարություն: Երեխաների դեպքում նկատվում է մաշկի սառնություն, կարմրություն, ինչպես նաև թուլություն:

Միանգամայն տարբեր հասկացություն և ֆիզիոլոգիական վիճակ է ցրտահարությունը:

Այն ցածր ջերմաստիճանի երկարատև ներգործության հետևանքով մարմնի տարբեր հատվածների վնասումն է։ Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Ցրտահարության հետևանքով վնասված հատվածները գունատվում են և առաջանում է զգայունության կորուստ։ Այն կարող է նույնիսկ անդամահատման պատճառ դառնալ։ Ցրտահարության ռիսկը բարձր է արյան շրջանառության խանգարումներով, ինչպես նաև եղանակային պայմաններին ոչ համահունչ հագնված անձանց շրջանում։


Ցրտահարության մասին կարող են վկայել մաշկի գունատությունը կամ մոխրադեղնավուն երանգի առաջացումը, անսովոր կոպտությունը կամ մաշկի վրա մոմանման ծածկույթի առկայության զգացողությունը, զգայունության կորուստը:

Տուժողը կարող է չնկատել այդ երևույթները, քանի որ ցրտահարված հատվածներն անզգայացած են, ցրտահարված հյուսվածքները՝ փայտացած։

Ցրտահարումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ տանը կամ տաքացվող վայրում: Չափազանց կարևոր է եղանակին համահունչ հագնվելը՝ կրել գլխարկ, ձեռնոց, տաք, չսեղմող հագուստ, անջրաթափանց կոշիկներ և վերարկու, փակել դեմքը: Պետք է օգտագործել ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ: Կարևորվում է կանոնավոր կերպով տաք սննդի կամ ոչ ալկոհոլային տաք ընմելիքի օգտագործումը:

Այս առումով ռիսկի խմբում են ծերերը, ցուրտ եղանակին դրսում աշխատող մարդիկ, ալկոհոլը չարաշահող անձինք, պատշաճ կերպով չջեռուցվող սենյակներում գտնվող երեխաները:

Ցրտահարության նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ բժշկի դիմել: Անմիջապես պետք է տեղափոխվել տաք սենյակ կամ տարածք, հանել թաց հագուստը, ծածկվել չոր ծածկոցով, մարմնի ցրտահարված հատվածները ընկղմել գոլ ջրի մեջ:

Միևնույն ժամանակ, մասնագետները խորհուրդ են տալիս զգոնություն ցուցաբերել և խուսափել հանրության մեջ հայտնի միջոցների ձեռնարկումից: Մասնավորապես՝ արգելվում է տաքանալու նպատակով ալկոհոլ կիրառել, քայլել, եթե ցրտահարված են ոտքերի մատները, ձյունով չշփել ցրտահարված մասերը, քանի որ այսպիսով կարող են վնասվել հյուսվածքները: Չի կարելի ջեռակ օտագործել կամ կրակի, տաքացուցչի մոտ տաքացնել վնասված հատվածները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել