Այսօր ամփոփվեց «Ամենախելացին» նախագծի 4-րդ եթերաշրջանը: Տասներկուսից տասներեք տարեկան դպրոցականները իրենց գիտելիքները չափեցին երեք ամիս շարունակ: Ինչպես նախորդ, այնպես էլ այս եթերաշրջանի ժամանակ մասնակիցներին խրախուսական մրցանակներ շնորհվեցին:

«Ամենախելացին» նախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթող ճանաչվեց Սամվել Դավթյանը, ով Երևանից է. «Իմ հաղթանակի համար շնորհակալ եմ մայրիկիս: Ապագայում կզբաղվեմ ծրագրավորողի աշխատանքով, իսկ նախագծին շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռեց ձեռք բերելու նոր ընկերներ և հարստացնելու գիտելիքներս»:

 

Արդեն չորրորդ եթերաշրջանն է՝ Կրթության և գիտության նախարարությունը կանգնած է «Ամենախելացին» նախագծի կողքին. «Մեզ համար շատ  կարևոր է, որ գնալով եթերում մեծ տեղ են գրավում գիտելիքը կարևորող հաղորդումները: «Ամենախելացին» հաղորդաշարը ունի ոչ թե հաղորդման, այլ շարժման ընկալումներ, և երեխաներն արդեն սկսել են «Ամենախելացին» իրենց ընտանիքներում որպես մանկական խաղ խաղալ: Իրենց գիտելիքներով ավելի շատ փայլում են մեր մարզերի երեխաները, ինչը ապացուցում է, որ գիտելիքի համար տարածությունը նշանակություն չունի: ԿԳՆ ավանդույթի համաձայն՝ նախարարությունը եթերաշրջանի հաղթողին, որպես մրցանակ, արտերկրյա որևէ ամառային դպրոցում կրթություն ստանալու հնարավորություն է տալիս»,- նշում է Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարևորում է «Ամենախելացին» հեռուստանախագիծը և խրախուսում է գիտելիքի և ինտելեկտի զարգացմանն ուղղված այս նախագիծը. «Մեր ընկերության անունից ցանկանում եմ շնորհավորել և մեծ հաջողություններ մաղթել նախագծի բոլոր մասնակիցներին և շնորհավորել 4-րդ եթերաշրջանի հաղթողին»:

«Արդեն ավանդական դարձած մրցանակ ենք սահմանել։ Դա քինդելն է՝ գիրք կարդալու միջոց, որը, համոզված եմ, այսպիսի նախագծերի մեջ շատ է պետք: Հատուկ մրցանակ է սահմանվել, դա հաղթող մասնակցի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացումն է: Այդ պատիվը շնորհվել է Սամվելին, և Սամվելի դպրոցում շուտով կբացվի վերը նշված դասասենյակը»,- նշեց «Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Արդեն երրորդ անգամն է՝ Արարատյան հայրապետական թեմը կրոն անվանակարգում իրեն լավագույնս դրսևորած մասնակցին տրամադրում է ուխտագնացություն դեպի ավետյաց երկիր՝ Երուսաղեմ. «Շատ կարևոր է, որ մասնակիցները լինեն այն վայրերում, որտեղով քայլել է Հիսուս Քրիստոսը: Անվանակարգում հաղթել է Վահե Համբարձումյանը»,- նշում է Արարատյան հայրապետական թեմի Սուրբ երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Մուրադյանը:

Կոնֆուցիոսի դպրոցի տնօրեն Գոռ Սարգսյանը նշում է. «Մեր ինստիտուտը կոչված է Հայաստանում չինարենի ու չինական մշակույթի տարածմանը։ Ի սկզբանե կար պայմանավորվածություն, որ խաղի ընթացքում տեղ գտնի Չինաստան բաժինը, քանի որ Հայաստանում Չինաստանի հանդեպ հետաքրքրությունն օր-օրի աճում է: Այս անվանակարգում հաղթեց Գոռ Ազնավուրյանը, ով պատասխանեց 11 հարցի և ամռանը երկու շաբաթով կմեկնի Չինաստան, որտեղ կծանոթանա չինական մշակույթին, լեզվին, ու կլինի ճանաչողական այց»:

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ, ամփոփելով եթերաշրջանը, ուրախությամբ հայտնեց, որ կա նման լավ սերունդ. «4-րդ եթերաշրջանն ինձ համար ամենափայլունն էր, հղկվածը: Մենք ունենք հիանալի այսօր և շատ լավ վաղը: Եթե դրան կարողանանք ճիշտ զարգացում տալ, ճիշտ ներդրումներ անել՝ թող դա լինի մրցանակի տեսքով, ֆինանսական աջակցության տեսքով, կոգևորի պատանիներին: Մերօրյա հերոսը պետք է լինի խելացի ազնվական մեկը, և անգամ ամենահասարակ թվացող մասնագիտության մեջ արհեստավորը պետք է լինի իր արհեստի արհեստավարժ վարպետը: Ես ուրախ եմ, որ մենք սկսեցինք մի ինտելեկտուալ շարժում, որը վարակիչ դարձավ շատերի համար և շատ լավ օրինակ, թե ինչպես գիտելիքով կարելի է և՛ հայտնի դառնալ, և՛ հաջողակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել