Картинки по запросу լևոն տեր-պետրոսյանԵրբ խոսում ենք քաղաքական, հանրային լայն քննարկումների անհրաժեշտության մասին, ապա պետք է նաև ունենանք հստակ կրիտերիա այդ հասկացողության ու չափանիշ՝ քննարկումները ավելի առարկայական կազմակերպելու ու ձևավորելու համար։ Ցավոք, վիրտուալ հարթակները, որոնք Հայաստանում 2008 թվականից այս կողմ լայնորեն կիրառվում են, պրոդուկտիվ չեն այս առումով։ Փաստ է այսօր, որ մարդիկ դրանք շատ ավելի օգտագործում են ժամանցային նպատակներով, իսկ քաղաքական, սոցիալական հարցերը հընթացս կենցաղային աստառներ են ստանում այդ տիրույթում։ Հաճախ մենք իշխանություններին մեղադրում ենք, թե ինչու պետության համար կարևորագույն որոշումների կայացման հարցերում չեն կազմակերպում հանրային քննարկումներ, լսումներ, կարծիքների փոխանակումներ և այլն։ Մյուս կողմից՝ այսօր Հայաստանում ով ինչ ուզում, գրում է, կան դրա համար բոլոր հարթակները, միջոցները։ Մի՞թե սրանք բավարար չեն։ Էլ ի՞նչ պիտի անի իշխանությունը։ Նա կարող է մաքսիմում արգելափակել, դրդված քաղաքական իրավիճակում սահմանափակել վիրտուալ տիրույթների, հանրային միջոցառումների համար նախատեսված հնարավորությունները։ Եվ ո՞վ կարող է երաշխավորել, որ դրանից հետո մարդիկ չեն ասի՝ ազատ խոսքի սահմանափակում է տեղի ունենում։ Այսինքն՝ ստացվում է, որ համապատասխան հարթակների և՛ լինելու, և՛ չլինելու պարագայում հայ հանրությունը, ցավոք, չի կարողանում քննարկման օրակարգ սահմանել, հարց բարձրացնել ու լուծում առաջարկել։ Այսինքն՝ երկու դեպքում էլ մենք արդյունք չենք ունենում։ Եվ առայժմ միայն մատների վրա հաշված դեպքեր կարող ենք արձանագրել, երբ իսկապես ինչ-որ միջոցառում, քաղաքական դեպք, լուրջ արձագանք է ստանում հանրության կողմից։ Ապրիլյան քառօրյաից, Սասնա Ծռերից հետո երևի թե դեռ մի որոշ ժամանակ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հակասական ելույթը կլինի քննարկման առարկա, մինչև տեսնենք՝ գլխներիս ինչ է գալիս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել