Картинки по запросу հորմոններՕրգանիզմի տարբեր համակարգերի միասնական ու անխափան աշխատանքի համար  անհրաժեշտ է գլխուղեղի ու ողնուղեղի, տարբեր համակարգերի համակարգված  գործունեությունը: Նյարդային համակարգից բացի՝ մարդու կենսագործունեության կարևորագույն նախապայմաններից մեկը էնդոկրին համակարգն է: Մարդկային օրգանիզմի համակարգումը չափազանց նուրբ գործընթաց է:

Ընդհանուր առմամբ հորմոնների գոյության նպատակը օրգանիզմի ճիշտ և առանց բարդությունների կենսագործունեությունն է: Հորմոն բառը հունարենից թարգմանությամբ նշանակում է շարժել, դրդել: Հենց այս ֆունկցիան են կատարում հորմոնները՝ կենսաբանորեն ակտիվ օրգանական նյութերը, որոնք ներզտիչ գեղձերի շնորհիվ թափանցում են արյան մեջ: Հորմոն տերմինն առաջարկել են անգլիացի ֆիզիոլոգներ Բելիսն ու Ստարլինգը 1902 թվականին: Հենց նրանք էլ ուսումնասիրել են հորմոնների գործունեությունն ու ազդեցությունը մարդկային, ինչպես նաև կենդանական օրգանիզմի վրա: Արյան մեջ անցնելով՝ հորմոններն ազդում են օրգան-համակարգերի գործունեության վրա, ակտիվացնում կամ արգելակում ֆերմենտային պրոցեսները, փոփոխում կենսաքիմիական ու ֆիզիոլոգիական ռեակցիաները:

Հայտնի են մոտ քառասուն հորմոններ, որոնք կարելի է բաժանել երեք խմբի՝ ստերոիդային՝ մակերիկամների կեղևի, սեռական գեղձերի հորմոններ, սպիտակուցային և պոլիպեպտիդային՝ ինսուլին, աճման, թիրոզին ամինաթթվի ածանցյալներ: Հորմոնները չեն ազդում այն օրգանների վրա, որտեղ դրանք արտադրվում են: Հորմոններն ունեն կարգավորող նշանակություն մեր օրգանիզմում առկա ածխաջրերի, ճարպերի և աղերի փոխանակության համար: Արագ քայքայվում են  համապատասխան ֆերմենտներով, սակայն արտադրվում են  անընդհատ և ապահովում նյութափոխանակության կայուն մակարդակը:

Հորմոններն իրենց ազդեցությունն իրականացնում են մի քանի հիմնական գեղձերի՝ ենթաստամոքսային գեղձի, վահանաձև գեղձի, մակերիկամների, ձվարանների, հիպոֆիզի միջոցով:

Հորմոնները նշանակալի դեր ունեն օրգանիզմի աճի, զարգացման, նյութափոխանակության, արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ հարմարվողականության հարցում: Այսպիսով նրանք կարգավորում են  օրգանիզմի  նյութափոխանակության   և տարբեր օրգան-համակարգերի ֆիզիոլոգիական ֆունկցիաները: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ բացի օրգան-համակարգերի գործունեությունից, հորմոնները պատասխանատու են նաև զգացողությունների համար, որոնք առաջանում են համապատասխան իրադրություններում:

Բոլոր հորմոններն իրենց ազդեցությունը տարբեր օրգան-համակարգերի վրա գործում են ռեցեպտորների օգնությամբ: Ռեցեպտորների համար բնորոշ է ինքնակարգավորումը: Հենց ռեցեպտորներն են պայմանավորում  հորմոնների ազդեցությունը: Երբ օրգանիզմում ընկնում է  այս կամ այն հորմոնի մակարդակը, մեծանում է համապատասխան ռեցեպտորների քանակը, ինչի հետևանքով հորմոնների գործունեւոյթունը աստիճանաբար կարգավորում է: Եվ հակառակը, հորմոնների բարձր մակարդակի դեպքում ռեցեպտորների ինքնակարգավորման արդյունքում նվազում են ավելցուկ ռեցեպտորները, ինչի արդյունքում վերականգնվում և նորմավորվում է հորմոնային մակարդակը:

Հորմոնների ավելցուկը կամ պակասությունը, ինչպես նաև հորմոնային ռեցեպտորների զգայունության տատանումները հանգեցնում են հորմոնային խանգարումների, ինչն էլ իր հերթին բավական լուրջ ու տևական բուժման կուրսեր ենթադրող ապաքինում է պահանջում:

Տարբեր են հորմոնային տատանումների, ու դրա հետևանքով տարատեսակ խանգարումների ի հայտ գալու պատճառները: Մեր օրգանիզմում հորմոնների արտազատման արագությունը փոխվում է օրվա տարբեր ժամերին, տարվա եղանակներին, հղիության շրջանում և այլ ներգործությունների պայմաններում: Օրգանիզմում հորմոնների տատանումներ կարող են գրանցվել  հանդիսանալ մի շարք պատճառներով:  Բժիշկները հաճախ են մատնանշում սթրեսը, տարատեսակ քիմիական դեղերի տևական օգտագործումը, արհեստական սնունդը, երկարատև հիվանդությունները: Հորմոնային խանգարումների հնարավոր նախապայման է նաև ժառանգականությունը: Հորմոնների խանգարումներն անմիջապես արտահայտվում են մարդու արտաքին տեսքի վրա, ի հայտ են գալիս քաշի ավելացմամբ, անհարկի մազակալմամբ կամ մազաթափմամբ, ոսկրային համակարգի շեղումներով,  ձայնի փոփոխմամբ: ՈՒստի դրանք չնկատել կամ անտեսելը համարյա թե անհնար է:  Հորմոնային խանգարումները չափազանց տարածված են դեռահասության՝ անցումային տարիքում:  Մանկական ու դեռահասության տարիքում էնդոկրինոլոգիական  խնդիրներին ժամանակին չհետևելու, համապատասխան լուծումներ չգտնելու դեպքում, կարող են անդառնալի հետևանքներ առաջանալ:

Էնդոկրին համակարգի ամենատարածված հիվանդությունը, որը հավակնում է դառնալ մեր ժամանակների համաճարակը, շաքարային դիաբետն է: Ենթաստամոքսային գեղձի անհամապատասխան աշխատանքը հանգեցնում է այս հիվանդության առաջացմանը: Սրտանոթային համակագի հիվանդությունների առաջացման գործում ևս նշանակալի ազդեցություն ունի հորմոնային ֆոնը:

Մասնագետների պնդմամբ ավելի գերակշռում է կանանց մոտ առաջացող հորմոնային խանգարումների քանակը: Դրանք նկատելի ազդեցություն ունեն հատկապես վերարտադրողական առողջության տեսանկյունից: Էնդոկրին համակարգի խանգարումները կանխարգելելու համար անհրաժեշտ է ճանաչել դրանց հնարավոր հետևանքները: Մասնագետների մի մասը պնդում են, որ հորմոնալ խանգարումները հնարավոր է կանխարգելել: Շատ բժիշկներ  էլ համոզմունք են հայտնում, որ հորմոնալ խանգարումների պատճառների բազմազանությունը հնարավորություն չի ընձեռում տիրապետել դրանց  առաջացման բոլոր հնարավոր պատճառներին, ուստի կանխարգելման մասին պնդումները միանշանակ ընդունել պետք չէ:

Տարատեսակ տեղակայման հորմոնների խանգարումները տարբեր հետևանքներ կարող են ունենալ: Միանշանակ կարևոր է, թե հատկապես որ տարիքում են դրանք ի հայտ գալիս, և որ օրգան-համակարգի հետ է առնչվում խանգարումը: Հորմոնային տատանումները բերում են ինչպես մարդու արտաքին տեսքի, քաշի տատանումների, այնպես և օրգանների ֆունկցիոնալ խանգարումների:

Հիմնականում բոլոր տիպի հորմոնային խանգարումները վերահսկելի են, պարզապես անհրաժեշտ է համապատասխան ճիշտ ախտորոշում իրականացնել, ինչից հետո որդեգրել հստակ ու համապատասխան բուժման կուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել