Lurer.com-ը գրում է.

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ոգեկոչվել է հայերեն տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը:

Ինչպես  տեղեկացրին Վիրահայոց թեմի մամուլի դիվանից, միջոցառումը սկսվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի կատարմամբ «Տերունական աղոթքով, ապա «Հրաշափառ«-ի հնչյունների ներքո հանդիսավորությամբ դահլիճ է բերվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակը՝ Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով: Կոնդակն ընթերցել է Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:

Ցուցադրվել է տեսաֆիլմ՝ նվիրված Ամստերդամում Ոսկան Երևանցու ազգանվեր գործունեությանը, որի արդյունքում 1666 թվականին 5 հազար օրինակ տպաքանակով առաջին անգամ հայերեն Աստվածաշունչ տպագրվեց:

Միջոցառումն ամփոփել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Իր օրհնությունը հղելով ներկաներին՝ Թեմակալ առաջնորդը արժևորել է հայերեն Աստվածաշնչի տպագրության դերն ու նշանակությունը, գնահատելով այն որպես ազգայինի պահպանության, գրի ու մշակույթի զարգացման և քրիստոնեական հավատքի ամրապնդման եզակի միջոց:

Սրբազան հայրն իր որդիական երախտագիտությունն է հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, որ Սրբատառ Կոնդակով ամենուրեք, այդ թվում նաև Վիրահայոց թեմում, արժևորվել և անմահացվել է Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակը:

Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան (խմբավար Սվետլանա Տատոևա) երգչախմբի կատարմամբ հնչել են «Հայր մերը», «Հրաշափառ» «Վարանիմք», «Ով զարմանալի» և «Հրաշացան» շարականները, իսկ «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը (խմբավար Մարի Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան) կատարեց Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ», Մեսրոպ Մաշտոցի «Հայոց գրեր» և Ռաֆայել Պատկանյանի «Օրորոցային» երգերը:

Հանդիսության ընթացքում ցուցադրվել են 1733 թվականին Վենետիկում Մխիթար Սեբաստացի աբբահոր կողմից հայերեն Աստվածաշնչի վերահրատարակության, 1786 և 1842 թվականներին Տփխիսի, 1857 և 1895 թվականներին Կոստանդնուպոլսի և այլ տարիներին հրատարակված տպագիր օրինակները:

Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ:Միջոցառման իրականացմանը մասնակցել էին թեմի հոգևոր դասը, «Հայարտուն» կենտրոնը, առաջնորդարանի պաշտոնեությունը:

Միջոցառումն ավարտվել է առաջնորդ Սրբազանի Պահպանիչ աղոթքով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել