Картинки по запросу արցախՊԱՀԵ՞Լ, ԹԵ՞ ՉՊԱՀԵԼ ՀՈՂԵՐԸ

• Այն, ինչ երեկ ասաց Տեր-Պետրոսյանը, նորություն չէ, նա՛մանավանդ որ այդ նույնն առիթից առիթ ասում է նաև ՀՀԿ-ն, Ազատիչը, Զավենիչը, Կառլեն Կառլենիչը և մյուս բոլորը, ովքեր ստիպված են լինում Ղարաբաղի հարցով քաղաքական տեքստ հնչեցնելու։
• Փորձի համար բացե՛ք ակտիվ քաղաքականության սուբյեկտ հանդիսացող որևէ կուսակցության ծրագիր և Ղարաբաղի հարցով կկարդաք նույն «լոլոն», ինչ ասում են Տեր-Պետրոսյանը, ՀՀԿ-ն, Ազատիչը, Զավենիչն ու Կառլեն Կառլենիչը՝ «փոխզիջումների հիման վրա կայուն խաղաղություն՝ Արցախի ժողովրդի (sic!) ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ»։
• Առանձին վերցրած այս դերակատարներից և ոչ մեկը մեղավոր չէ, քանզի այլընտրանքային տեսլականի բացակայության պայմաններում հայաստանյան վճռահատությունը (decision making) վաղ թե ուշ հակվելու է «բանակցային սեղանին առկա փաստաթղթին»։ Ինչպես վերջերս խիստ նկարագրական ձևակերպեց Սերժ Սարգսյանը՝ «[Մադրիդյան դրույթներն] այն փաստաթուղթը չէին, որի մասին երազում էինք»՝ մտքում պահելով «բայց դե է՛դ ա» շարունակությունը։
• Խնդիրն ինչպես նշեցի, այլընտրանքային տեսլականի բացակայությունն է։ Կա գործող տեսլական, որ «7 շրջաններն» անվտանգության գոտի են, դրանից բխող ամբողջ ռազմավարական կառուցարկմամբ, ու դեռ չի հայտնվել մի իշխանական կամ արտաաիշխանական վերնախավ, առաջին հերթին՝ ինտելեկտուա՛լ վերնախավ, որը կառաջարկի այլընտրանքային տեսլական, ինչի շնորհիվ կկարողանանք այդ տարածքները «դաՌդից» վերածել առավելության ու ամենակարևորը՝ տնտեսական լծորդում ստեղծել վերջիններիս ու Հայաստանի քաղաքական ճակատագրի միջև։ Այո՛, դեռևս չի հայտնվել Ջաբրայիլում ամենամեծ ֆուդկորտը կառուցող կամ Ֆիզուլիում հայկական «Նեսթլե» հիմնող տնտեսական մի ուժ կամ այդ ուժի ճամփան հարթող քաղաքական-գաղափարական վերնախավ։
• Դրա համար էլ՝ Տեր-Պետրոսյանի բինար շարադրանքը լիովին արդարացված է՝ կա՛ն «ոչմիթիզհողականներ», որոնց ինքը մեղմիվ հեգնում է, քանի որ վերջիններս չեն առաջարկում այլընտրանք պատերազմին, ու կան «ռացիոնալներ», որոնց շարքին ինքը իրենց է դասում ու չի հեգնում՝ անելով սթափության ու «опомнитесь, пока не поздно»-ի կոչեր։
• Ես համարում եմ, որ տարածքները պետք է պահել ու պետք է պահել առա՛նց պատերազմի։ Պահել դրանք պատերազմով կնշանակի «տոնել» պյուռհոսյան հաղթանակ ու ևս մի քանի տասնամյակ թաղել Հայաստանի տնտեսաքաղաքական բախտը։ Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ հասարակության քաղաքականապես գրագետ ու մտածող հատվածը՝ անկախ քաղաքական հարանվանություններից, պետք է առաջարկի այլընտրանք, թե ինչպես այդ տարածքների ռեալ կարգավիճակը «անվտանգության գոտուց» բարձրացնենք իրապես անզիջելիի մակարդակի։
• Ես ինքս հստակ պատասխան չունեմ, հատկապես որ տնտեսագիտական իմացություններս էլ չեն բավարարում, իսկ այդպիսի կարի անհրաժեշտ են այս հարցում։ Առայժմ կարողացել եմ միայն խնդիրն ախտորոշել ու այդ մասին գրել եմ դեռ Տեր-Պետրոսյանի ելույթից առաջ «Ինչպես հաղթել հակամարտությունում» հոդվածումս՝ «Ճիշտ ինչպես բանակի դեպքում ղեկավարության կողմից առաջ քաշվեց մի տեսակերպ, համաձայն որի՝ ներկա գոյապայմաններում ամեն ինչ պետք է անել, որ բանակը՝ որպես ներպետական միավոր, հնարավորինս արդյունարար ձեւով սերտաճի երկրի տնտեսական կյանքին՝ «բեռից» վերածվելով զարգացման լոկոմոտիվի, այնպես էլ Արցախի ու նամանավանդ վերջինիս անբաժանելի մասը կազմող նախկին արտալղիմյան ազատագրված հողերի դեպքում պետք է մշակվի մի հայեցակարգ, որը թույլ կտա դրանց միջոցով սոսկական անվտանգությունից զատ՝ տնտեսական եւ ժողովրդագրական այլ շահաբաժիններ եւս ստանալ։ Միով բանիվ՝ «պահում ենք այս հողերը, որովհետեւ սա անվտանգության գոտի է» մտայնությանը հավելելու պետք է գան նորանոր «որովհետեւ»—ներ, որոնք տեւական ընթացքում կունենան իրենց տնտեսական եւ ժողովրդագրական հիմնավորումը, այլաբանորեն ասած՝ «շուկայական լիկվիդայնությունը»։ Շարժման սկզբնավորումից արդեն 29 տարի անց՝ հետապրիլյան շրջանում, արցախյան պայքարն ունի վերաիրավահեղինակացման ու արժեւորման կարիք՝ համահունչ նոր ժամանակների պահանջներին» (https://goo.gl/hGeQx9
• Խիստ ուրախ կլինեմ, եթե արձագանքներ լինեն այս թեմայով։

Էդգար Էլբակյան, Երևան, 18.12.2016 թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել