Картинки по запросу արմեն պետրոսյանԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարած աշխատանքային այցին ադրբեջանական և իսրայելական լրատվադաշտի անդրադարձը խիստ անհամաչափ էր: Ինչ խոսք, այս այցը և, առհասարակ, Իսրայելի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումն, իսկ ավելի առարկայական՝ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին քարոզչական հնարավոր ամենալայն լիցք հաղորդելը ադրբեջանական իշխանությունների համար 2 հիմնական ուղղություն ունի՝ հայկական կողմը և ներքին լսարանը: Եթե առաջին դեպքում առկա է խնդիրն առավել օբյեկտիվ կերպով դիտարկելու հնարավորություն առնվազն հայկական փորձագիտական դաշտի անկողմնակալ գնահատականների և համակողմանի վերլուծությունների տեսքով, ապա ադրբեջանական հասարակության պարագայում, գնդակը, կարծես, անշեղորեն թիրախին է հարվածում: ԱՀ բռնապետական և կոռումպացված վարչակարգը երկրում առկա տնտեսական լրջագույն խնդիրներն, Արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ իրենց իսկ ստեղծած փակուղային և զրոյական իրավիճակում հայտնվելու իրողությունը փորձում են մեղմել, գուցե «կոմպենսացնել» բազմաթիվ ոլորտներում օրինակելի դարձած Իսրայելի հետ հարաբերությունների զարգացվածության անհրաժեշտ ֆոն քարոզելով:

Սույն ակնարկի հավասարակշռությունը պահպանելու նպատակով որոշակի գնահատականներ ներկայացնենք նաև Նեթանյահուի այցի վերաբերյալ իսրայելական լրատվադաշտի արձագանքների վերաբերյալ: Միանգամից պետք է նշել, որ այս դեպքում ակնհայտորեն գերակշռել են, ընդհանուր առմամբ, դրական ուղղվածությամբ և հիմնականում պաշտոնական տեղեկատվություն պարունակող լրատվական բնույթի հրապարակումները: Թեմայի շուրջ խորքային վերլուծությունները կամ փորձագիտական գնահատականներն, ադրբեջանական լրատվադաշտի համեմատ, անհամեմատելիորեն սակավաթիվ են:

Իսրայելական լրատվամիջոցներից բավական ուշագրավ դիտանկյունից է թեմային անդրադարձել «Հաարեց» պարբերականը՝ Նեթանյահուի այցն Ադրբեջան և առհասարակ նրա արտաքին քաղաքականությունը խորքային վերլուծության ենթարկելով՝ «Նեթանյահուն մերձենում է բռնակալների հետ՝ խեղաթյուրելով Իսրայելի ժողովրդավարական մշակույթը» խորագրով հրապարակման շրջանակներում:
Վերլուծության մեջ ընդհանուր համեմատականներ են տարվում Իսրայելի և Ադրբեջանի, նրանց ունեցած խնդիրների (օրինակ՝ Արցախյան հակամարտություն, Պաղեստինի հիմնախնդիր), դրանց պատճառների և լուծման ուղիների միջև: Երկրի առջև ծառացած արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Նեթանյահուի արտաքին քաղաքական ուղեգիծը, հատկապես՝ Ադրբեջանի նման ոչ ժողովրդավարական երկրների հետ մերձեցումը, որտեղ պարբերաբար ոտնահարվում են ժողովրդավարական նորմերը մարդու իրավունքները, ոչ միայն հարվածում է Հրեական պետության ժողովրդավարական ավանդույթներին, այլև ընդհանրապես հեռացնում է խնդիրների լուծման հնարավորությունից, քանի որ նյութի հեղինակի կարծիքով՝ Իսրայելի ունեցած արտաքին խնդիրները մեծապես պայմանավորված են շրջակա տարածաշրջանում ժողովրդավարության լրջագույն պակասով:

Վերլուծության հեղինակն իր մոտեցումներն առավել դիպուկ կերպով ամփոփել է հրապարակման ավարտին՝ հնագույն ասույթի մեջբերմամբ՝ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու», կամ «ով կդառնաս ապագայում»...

Հ.Գ. Ադրբեջան և Ղազախստան կատարած այցերին իսրայելական մամուլի խիստ սահմանափակ անդրադարձից անթաքույց կերպով դժգոհել է նաև Իսրայելի վարչապետն՝ այդ մասին բարձրաձայնելով իր ֆեյսբուքյան էջում հրապարակված իր իսկ մասնակցությամբ տեսանյութում՝ «Հնարավոր է՝ ԶԼՄ-ները բաց են թողել Ադրբեջան և Ղազախստան պատմական այցերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել