Վերջերս բավականին հաճախակի դարձած Ֆեյսբուքյան քննարկումները նախընտրական թոհուբոհից առաջ, բոլորիս ենթադրելու հիմք են տալիս, որ եկող խորհրդարանական ընտրությունների, թէ նախընտրական, թէ ետընտրական ժամանակահատվածը, մեղմ ասած, թեժ է լինելու, սակայն մի փոքր շեղվելով և պարզապես չցանկանալով մեկնաբանել ստեղծված թեժ քաղաքական քննարկումները և բոլոր քաղաքական ուժերի տարատեսակ, երբեմն քաղաքական պրագմատիզմի, երբեմն էլ բացահայտ դատարկաբանության նմանվող տեսակետները, ուզում եմ մի շատ ցավոտ թեմայի վրա շեղել իմ բոլոր, քաղաքականացված և ապաքաղաքական ընկերների ուշադրությունը: 

         Հարգելի ընկերներ, դուրս գալով բոլորիս համար սկզբունքային քաղաքական տեսակետներից և քաղաքական տարբեր, արդեն կաղապարված, դատարկաբանական տեսություններից և միևնույն ժամանակ չհավակնելով ստանձնել բարոյախրատական կարծիքի կամ կոչի հեղինակի պարտականությունները կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի մենք զբաղվենք կոնկրետ գործողություններով և սկսենք Իրականությանը նայել ուղիղ աչքերով: Վերջերս մի քանի երիտասարդներով որոշեցինք շրջել Երևանում գործող  ուսումնական՝  միջնակարգ, թերի բարձրագույն և բարձրագույ հաստատություններով, պարզելու համար թէ այն համակարգը, որը ապագա սերունդ է կրթում մեր երկրի ապագայի համար, ինչ է տալիս երիտասարդ սերնդին: Եվ պատկերացրեք պատկերը այնքան ողբալի էր, որ մենք որոշեցինք սահմանափակվել Երևանով: Կրթական համակարգը՝ սկսած մանկավարժական անձնակազմից, վերջացրած աշակերտական և ուսանողական անձնակազմով, ուղղակիորեն զբաղված են ժամավաճառությամբ: Կոռուպցիաի մեջ է թաղված ողջ կրթական համակարգը: Կոռուպցիա բառի մասնագիտական նշանակության ամենաուղիղ իմաստով: Թէ մանկավարժական և պրոֆեսորադասախոսական, թէ աշակերտական և ուսանողական անձնակազմը զբաղված է, բառիս բուն իմաստով, իրենց մասնագիտական դիրքի չարաշահմամբ: Բոլոր պատասխանատու մարդիք զբաղված են ծածկադմբոց անելով տեղի ունեցող, երևի թէ ամենաապազգային պրոցեսը: Սկզբում ամեն մի թերացում ուզենք թե չուզենք միանգամից ասոցացվում է պետական իշխանության և միայն նրա կողմից վարվող քաղաքականության հետ, սակայն, խորը ուսումնասիրելու դեպքում ակներև է դառնում, որ այս ամբողջ խայտառակության ետևում կանգնած է մեզանից յուրաքանչյուրը: Նույնիսկ բոլոր այն բարոյական և ազնիվ մարդիք ովքեր այսօր զբաղված են քիչ թէ շատ ազգային և պետականամետ գործունեությամբ: ՀՀ տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատությունների աշակերտական և ուսանողական կազմի 90 տոկոսը ուսումնական հաստատություն է հաճախում ոչ թէ գիտելիք ստանալու, այլ պարզապես գնահատական կորզելու միջոցներ փնտրելու և մեծամասամբ ժամանակ անցկացնելու համար, իսկ մնացած 10 տոկոս կրթություն ստանալ ցանկացողները, մեծամասնության ֆոնի վրա, օբյեկտիվորեն չեն կարողանում ստանալ այն ինչի համար, որ հաճախում են:  Արդյունքում մի ողջ սերունդ իր հետաքրքրության շրջանակներից դուրս է նետում գրականությունը, ակադեմիական կրթություն ստանալու պահանջը, մասնագիտական հետաքրքրություններն ու հետևաբար երկրի զարգացմանը նպաստելու ցանկությունը և երկրին պիտանի լինելու կարողությունները հավասարվում են զրոի: Երևանի բոլոր բուհերի, միջանկյալ քննությունների նախաշեմին, ուսանողության 95 տոկոսը զբաղված է գրագողությամբ զբաղվելուն ուղղված նյութեր և միջոցներ հայթայթելով: Կապ չունի թէ ինչքանով ես տիրապետում առարկաին, միևնույն է անկախ ամեն ինչից դու պետք է արտագրելու և դրանով ուսանողական դիրքդ չարաշահելու ցանկություն և միջոցներ ունենաս: Եվ բոլորս ենք այսօր ուղղակի թէ անուղղակի ձևով ներքաշված այս արատավոր բարքերի մեջ և ամեն անգամ չենք զլանում կրկնել, որ ինչ արած սա է այսօրվա մեր արժեհամակարգը և մենք ստիպված ենք անել այսպես և քիչ անց ֆեյսբուքում կամ, որևէ քաղաքական ամբիոնից սկսում ենք խոսել բարոյականության, օրինականության, պետական և ազգային մատածողություններից, երբ որ միևնույն ժամանակ մենք զբաղված ենք այդ նույն պետականության և ազգի կործանմանը ուղղված բարքերը անտեսողի և անտեսելով անուղղակիորեն խրախուսողի դերում: Իմ ողջ գիտակցական կյանքիս ընթացքում ես տեսել եմ, տեսնում եմ և դեռ երկար կտեսնեմ, որ մենք բոլորս խոսում ենք արատավոր երևույթներից և հայ ժողովրդի անտարբերությունից, բայց տեսել եք գեթ մեկ քաղաքացի, որը իր խոսքի մեջ ներառի նաև իրեն: Խիստ կասկածում եմ, որ կարող եմ դրական և միևնույն ժամանակ անկեղծ պատասխան ստանալ հարցիս: Տաքսու վարորդներից սկսած, վերջացրած ամենաամպագոռգոռ գիտական աստիճանները ունեցողներից, բոլորս խոսում ենք երկրի և ազգի կործանման մասին, փորձելով ապացուցել, որ մենք գիտենք ամենաշատը, ամենաճշտգրիտը և մենք ամենամտահոգն ենք՝ մեր աչքի առջև կորցնելով ու կործանելով այն բոլոր կարևորություն ունեցող երևույթները, որոնց մասին կարող ենք խոսել այնքան, որ կարելի լինի նույնիսկ տեսություններ գրել, սակայն, իրականում բոլորս էլ զբաղված ենք ինքնախաբեությամբ և դատարկաբանությամբ և կշարունակենք լինել այսպիսին, մինչև հանդգնենք իրերը կոչել իրենց անունով և ճշմարտության աչքերին նայել ուղիղ աչքերով և վերջնականապես հրաժարվել նորին մեծություն ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ճիրաններից: Ես արդեն սկսել եմ..............

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել