«Առավոտ» օրաթերթը գրում է.
«Այսօր մի ռեպորտաժ եմ տեսել, որում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը գործի էր գնում և աշխատանքից վերադառնում Էր քաղաքային տրանսպորտով։ Պաշտոնյայի նստած երթուղային տաքսիները և ավտոբուսները բարվոք վիճակում Էին բոլորը նստած, նստարանները քրքրված չէին, բոլոր պատուհանները փակվում էին, վերելքի անցքերից ոչ մի կաթիլ չէր թափվում։ Ինչպես միշտ, մեր իշխանավորներին այլ իրականության է «հանդիպում», քան մեզ՝ շարքային քաղաքացիներիս։

 Այսօր ես էլ եմ հասարակական տրանսպորտով գնացել գործի։ Առավոտյան ժամը 8-ին իմ տնից՝ Զովունիից նստել եմ թիվ 74 երթուղայինը, որը շատ արագ այնպես լցվեց, որ հաջորդ կանգառներին կանգնելու տեղ էլ չմնաց։ (Բայց դարձյալ արձանագրեմ մեր ժողովրդի դրական կողմերը՝ այդ նեղության մեջ մարդիկ իրար օգնում էին, նստածները վերցնում էին կանգնածների պայուսակները, հնարավորինս տեղ էին տալիս, ժպտում էին իրար, ծնողներն իրենց երեխաներին դպրոց էին տանում՝ կարևորելով ուսումը)։ 8.45-ին Աջափնյակում՝ Արզումանյան-Հալաբյան խաչմերուկում, նստեցի թիվ 8 ավտոբուսը, որտեղ մարդիկ այնքան խցկված էին, որ դուռն ինձ վրա երկար ժամանակ  չէր  փակվում։
 Մենք իշխանավորների հետ ապրում ենք տարբեր՝ զուգահեռ, չհատվող իրականությունների մեջ։ Չէի ասի, որ նրանց կյանքը մերինից ավելի թեթև է և լուսավոր, պարզապես նրանք անեն, այսպես ասենք, «այլ տեսակի» խնդիրներ, որոնք տրանսպորտի, լույսի, գազի վարձի, ինչպես նաև վարկերը, պարտքերը փակելու հետ կապ չունեն։ Նրանք, մասնավորապես, չեն սպասում, թե երբ են ստանալու աշխատավարձը՝ այդ ամենը մուծելու համար, և դեպրեսիայի մեջ չեն ընկնում, երբ ձմռանը գալիս է գազի հաշիվը։ Հենց այդ տրամաբանությամբ էլ նրանց թվում է, որ հասարակական  տրանսպորտի  վիճակը  բարվոք է»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել