Ամանորյա և Սուրբ ծննդյան միջոցառումների համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է 39 մլն դրամ։ Այս տարի բյուջեն կրճատվել է մոտավորապես 20 մլն դրամով։

«23 հազար ընտանիք աջակցության տեսքով ամանորյա պարենային փաթեթ կստանա։ Այս տարի այդ աջակցությունը շատ ավելի մեծ է, քան նախորդ տարիներին։ Ապրիլյան հայտնի դեպքերից հետո քաղաքապետարանն ակտիվացրեց սոցիալական ծրագրերը և մի շարք մասերով կրճատվեց մշակության ծրագրերի համար նախատեսված բյուջեն։ Մենք փորձել ենք տոնական մթնոլորտը ապահովել, բայց մի փոքր ավելի զուսպ»,- ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Նա դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց կողմից նախատեսված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական միջոցառումների ծրագրերը։

«Երևանի քաղաքապետարանի ունի մի շարք նախաձեռնություններ, որոնք միտված են Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումներին։ Նախ` ասեմ, որ մենք պատրաստել ենք բուկլետներ, որոնք բաժանվելու են հանրային ամենատարբեր մարդաշատ վայրերում, որպեսզի մեր քաղաքացիները տեղեկացված լինեն։ Ամբողջական ծրագիրը կտեղակայվի նաև համապատասխան կայքերում, ֆեյսբուքյան էջում։ Կստեղծվեն և կհեռարձակվեն տարբեր տեսահոլովակներ ռադիոյով և հեռուստաընկերություններով, որպեսզի մեր հասարակությունը նաև այդպես տեղեկանա տեղի ունեցող բոլոր միջոցառումների մասին։ Այստեղ զ ետեղված են ոչ միայն քաղաքապետարանի կողմից անցկացվող միջոցառումները, այլ նաև առկա են մի շարք մասնավոր ընկերությունների և անհատների  իրականացրած ծրագրեր։ Մենք փորձել ենք օգտակար լինել նաև նրանց»,- ասաց Արամ Սուքիասյանը` հավելելով, որ որոշ ծրագրեր արդեն սկիզբ առել են՝ Հյուսիսային պողոտայում ամանորյա տոնավաճառի և սահադաշտի բացման արարողություններն արդեն տեղի են ունեցել։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ժողովուրդը սպասում է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։ Այս տարի այդ միջոցառումը կլինի ավելի զուսպ և տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։

«Երևանի 12 վարչական շրջաններում գտնվող բոլոր կենտրոնական տոնածառերը, մայր տոնածառը և ամբողջ քաղաքի տոնական լուսային ձևավորումները կմիացվեն դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին։ Այսպիսով, կմեկնարկեն տոնական ամանորյա միջոցառումները»,- նշեց Երևանի քաղաքապետի տեղակալը։

Նրա խոսքով` այս տարի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցող միջոցառումը կտևի մինչև հունվարի 1-ը` ժամը 01:00-ը։ Մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ը։

Այս տարի միջոցառումների զգալի հատվածը տեղի կունենա Ազատության հրապարակում։ Միայն դեկտեմբերի 31-ին կայանալիք տոնակատարությունը՝ «Գալդ բարի, Նոր Տարի» խորագրով, տեղի կունենա հանրապետության հրապարակում։ Կլինի տոնական մեծ ծրագիր նշանավոր էստրադային երգիչների և խմբերի մասնակցությամբ։ Հունվարի 5-ին երեխաների համար կլինի խոշոր ծրագիր Ազատության հրապարակում։ Իսկ հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, լինելու է ավանդական տոնածիսական հետաքրքիր միջոցառում, որն իրականացվում է Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ։

Հունվարի 13-ին կամփոփվեն բոլոր ծրագրերը և կրկին Ազատության հրապարակում «Հին Նոր Տարի» խորագրի ներքո տեղի կունենա տոնական մեծ ծրագիր գեղեցիկ հրավառությամբ։

«Լինելու են նաև սոցիալական ծրագրեր։ Շուրջ 4000 երեխա կայցելի մեր թատրոններ՝ ներկայացումներ դիտելու, 40.000 երեխա, այդ թվում` մանկապարտեզներ այցելողները, կստանան ամանորյա քաղցրավենիքի փաթեթներ»,- ասաց Արամ Սուքիասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել